Ինչ փուլում է «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը. մանրամասնել է ՀՀ վարչապետը | armenpress.am

armenpress.am Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները «Թրամփի ուղի» նախագծի ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթղթի մշակման փուլում են։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանն ու Միացյալ նահանգները «Թրամփի ուղի» նախագծի ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ են պատրաստում, որը երկու կողմերը որևէ ձևաչափով պետք է ընդունեն, որից հետո կսկսվի հաջորդ քայլը։ Իմ կանխատեսումը շարունակում է մնալ նույնը, որ մենք «Թրամփի ուղի» նախագծի շուրջ աշխատանքները գետնի վրա կսկսենք տեսնել 2026 թվականի երկրորդ կեսին»,- ասաց ՀՀ վարչապետը։

Վարչապետը ենթադրում է, որ «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում առաջին աշխատանքը կլինի երկաթուղու կառուցումը։

«Ենթադրում եմ, որ երկաթուղին կլինի առաջին նախագիծը՝ չնայած չեմ բացառում նաև, որ տնտեսական նպատակահարմարությունները և ներդրումային գրավչությունները որոշակիորեն ճշգրտվեն և պարզվի, որ գազամուղի կամ նավթամուղի նախագիծը ավելի վաղ պետք է իրականացվի։ Բայց ես ոչ թե ակնարկներ եմ անում, այլ նկատի ունեմ այն, որ պրոցեսը դինամիկ է, և կարող է պարզվել, որ ինչ-որ հանգամանքների բերումով նավթամուղի կամ գազամուղի անհրաժեշտությունն ավելի առաջնային է։

Բայց այս պահի մեր ընկալմամբ երկաթուղին առաջնային է։ Երկաթուղու առանձնահատկությունն այն է, որ դրա երթուղին պարզ է, քանի որ այդ հատվածով նախկինում գոյություն է ունեցել երկաթուղի»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունն աշխատում է նաև սահմանային, մաքսային ժամանակակից ենթակառուցվածքների, գերժամանակակից տեխնիկայի ձեռքբերման վրա, որը կներդնեն ոչ միայն Հայաստան- Ադրբեջան սահմանին, այլ նաև Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմաններին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագիծը ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մասն է։ «Թրամփի ուղի» նախագծով ապահովվելու է նաև Հայաստանի տարածքով  Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության  փոխադարձության սկզբունքների պահպանմամբ։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն