Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել:
Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապես նշել են, որ 2017 թվականի համեմատ պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է 130 տոկոսով:
«2025 թվականից ներդրվել է արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, որը չի ներառել Ազգային ժողովը։ Հաշվի առնելով ԱԺ ներկայացուցչական մարմին լինելու հանգամանքը և վերը նշված համակարգում ներառված չլինելը՝ որոշվել է գումար հատկացնել Ազգային ժողովին, ինչն իրենից ներկայացնում է 2025 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում ու չի համարվում մեկ միասնական վճար, որն էլ տրամադրվել է ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին: Այս որոշումը լուծում է Ազգային ժողովում ցածր վարձատրության խնդիրը»,-ասված է պարզաբանման մեջ:
Ազգային ժողովից հավելել են, որ տարվա վերջին փոխանցված դրամական միջոցները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակի համար, և այսուհետ յուրաքանչյուր կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների միջև:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը երեկ «Ազատությանը» հայտնել էր, որ որպես 13-րդ աշխատավարձ ստացել են աշխատավարձը հինգ անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար: Վարդանյանը նշել էր, որ երբ այդքան մեծ գումար են տեսել հաշվեհամարներին, իրենց խմբակցությունից եղել են պատգամավորներ, որ ԱԺ քարտուղարությունից փորձել են ճշտել՝ ի՞նչ փող է դա, ասել են՝ բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել և ուղղվել պատգամավորներին:
«Ազատություն»-ը խորհրդարանի խոսնակին հարցմամբ խնդրել էր տրամադրել հավելվածները, որոնց ծանոթանալով պարզ կդառնար նաև՝ պարգևատրումներին ուղղված ողջ գումարն ինչքա՞ն է կազմել, ի՞նչ դրույքաչափով են հաշվարկվել՝ աշխատավարձի չափո՞վ, դրանից ավելի՞, թե՞՝ պակաս, քանի որ պատգամավորներից բացի աշխատակիցները ևս դրամական կրկնակի խրախուսանքներ են ստացել: Խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հրաժարվել էր տրամադրել տեղեկությունը՝ դա հիմնավորելով աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությամբ: «Ազատություն»-ը հայտնել էր, որ մեկ տասնյակից ավելի պատգամավորներ կա՛մ իրենց զանգերն անարձագանք են թողել, կա՛մ չեն ցանկացել այս թեմայով մեկնաբանություն տալ: