aravot.am Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին․ «Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցով: 12 միլիոն եվրո՝ ի՞նչ միջամտության մասին է խոսքը և ո՞վ է այն ստանալու։ Ի՞նչ պետք է արվի կամ ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն այդ ֆինանսավորման հատկացման և բաշխման գործընթացում, որպեսզի այն չդառնա իշխանությանն՝ ընդդեմ ընդդիմության աջակցման օրինակ, որը հնարավոր կլինի որակել որպես «հիբրիդային միջամտություն»։
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունից Aravot.am-ը ստացել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գրավոր պատասխանը, որում մասնավորապես նշված է․ «[…] ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը և ինքնիշխան ընտրություն կատարելու կարողությանը։ Մեր աջակցությունը կապված չէ որևէ քաղաքական կուսակցության հետ և հակամիջամտություն կամ որևէ տեսակի միջամտություն չէ։ Մենք աջակցում ենք հայկական ժողովրդավարական ինստիտուտներին՝ միջամտությունների նկատմամբ դիմակայուն լինելու և ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու կարողություն ունենալու համար։
ԵՄ-ի աջակցությունը ազատ և արդար ընտրությունների կազմակերպմանը ներառում է ինստիտուտների ամրապնդում (օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով մեր ARTEMIS նախագծի շրջանակում), մեդիագրագիտության զարգացում, ինչպես նաև ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների աջակցություն, որոնք բոլորն ուղղված են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության և ինստիտուցիոնալ ամբողջականության ամրապնդմանը։ Այս աշխատանքն իրականացվում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ ծրագրերի միջոցով»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում