Mastercard և Visa քարտապանները 2% հետվերադարձը չեն ստանա | civilnet.am

civilnet.am  Visa և Mastercard համակարգերի քարտապանները չեն կարողանա օգտվել Հայաստանում ներդրվող անկանխիկ գնումների հետվերադարձի (cashback) նոր համակարգից։ Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն այսօր ասուլիսի ժամանակ պարզաբանեց, որ 2% հետվերադարձի արտոնությունը գործելու է բացառապես ArCa քարտապանների համար՝ պայմանավորված ծրագրի ֆինանսավորման և տեխնիկական սպասարկման մեխանիզմով։

Հետվճարի համակարգը կգործի 2026-ի փետրվարից։

Միջոցառումը ֆինանսավորվում է պետական բյուջեի և «Armenian Card» ընկերության կողմից՝ 1-ական տոկոս համամասնությամբ։

Փոխնախարարը հայտնեց, որ այժմ Հայաստանում շուրջ 500,000 ArCa քարտ կա շրջանառության մեջ, և միայն այդ քարտերով կատարված անկանխիկ գնումները կառաջացնեն հետվերադարձի իրավունք։

Հետվերադարձը կիրառվելու է Հայաստանի ռեզիդենտ ընկերություններից կատարված գնումների համար՝ ներառյալ տեղական օնլայն հարթակները։ Սահմանված է գործարքի նվազագույն շեմ՝ 1000 դրամ, իսկ մեկ գործարքի դիմաց առավելագույնը հնարավոր կլինի հետ ստանալ 6000 դրամ։ Մեկ ֆիզիկական անձի համար ամսական հետվերադարձի հանրագումարային սահմանաչափը 60,000 դրամ է՝ առավելագույնը 3 մլն դրամի վճարման դիմաց։

Ծրագրից բացառված են մի շարք ոլորտներ և ծառայություններ։ Մասնավորապես, հետվերադարձ չի նախատեսվում կոմունալ վճարումների, կապի ծառայությունների, պետական և համայնքային բյուջեներ կատարվող վճարումների, ինչպես նաև բանկային միջնորդավճարների համար։ Սահմանափակումները տարածվում են նաև բարձր ռիսկային գործարքների վրա, ինչպիսիք են խաղատները, կրիպտոարժույթների առքուվաճառքը, թանկարժեք մետաղների ձեռքբերումը և ծանոթությունների կայքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն