Քաղաքաշինության ոլորտի ռազմավարությունը միտված է ՏԻՄ-երի կարողությունների հզորացմանը | armenpress.am

armenpress.am Քաղաքաշինության կոմիտեում կայացավ քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպված դասընթացների ամփոփիչ միջոցառումը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ 2021 թվականին մշակված և Կառավարության կողմից ընդունված Քաղաքաշինության ռազմավարությամբ սահմանված է աջակցություն ցուցաբերող միջոցառումների ցանկը, որոնք միտված են ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանն ու հզորացմանը։

«Քաղաքաշինության ոլորտում տարածական պլանավորման խնդիրներին առնչվող գործառույթները նույնպես հստակեցված են այդ ռազմավարության մեջ, որպեսզի համայնքներն իրազեկված լինեն ամբողջ նորմատիվ իրավական դաշտի փաստաթղթերի, քաղաքաշինական ընթացակարգերի մասով, որոնք կարգավորում են տվյալ ոլորտը»,- ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ տվյալ ոլորտը բազմադիսցիպլինար է, առնչվում է սուբվենցիաներին, ճանապարհաշինարարական աշխատանքներին, տեսչական մարմնի գործառույթներին, արտոնագրման գործընթացներին, նորմատիվ իրավական ակտերին, հետևաբար Քաղաքաշինության կոմիտեն, ներգրավելով նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, կազմակերպել է դասընթացներ քաղաքաշինության ոլորտով պայմանավորված ազդեցությունների վերաբերյալ, այդ լույսի ներքո նպաստելով ՏԻՄ-երի կարողությունների բարձրացմանը։

«Միջոցառումների ծրագրի հաստատումից հետո յուրաքանչյուր տարի տասնօրյա ժամկետում բոլոր մարզերի համար կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցում են քաղաքաշինության ոլորտով զբաղվող համայնքային մասնագետները և դասընթացների ժամանակ ծանոթանում են կարգավորումներին և գործող փաստաթղթերին, որոնցով պետք է աշխատեն և պրակտիկայում դրանք կիրառեն։ Խոսքն, օրինակ, վերաբերում է շինությունների գլխավոր հատակագծերին, որպեսզի առաջադրանք տալու կամ ստանալու ժամանակ կարողանան օգտվել գոտևորմամբ սահմանված չափորոշիչներից, իմանան, թե ինչպես ձևավորեն սուբվենցիաների փաթեթները, տեղեկանան լիցենզավորման օրենքում տեղ գտած կարգավորումների մասին»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության գործառույթներին առնչվող գործընթացներն այժմ ամբողջությամբ տեղափոխվում են թվային հարթակ, ուստի համապատասխան մասնագիտացված կազմակերպությունները կարող են բարձրացնել իրենց կարողությունները նաև այդ թվային հարթակից օգտվելու միջոցով։

«Արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպում ենք դասընթացներ, որոնց ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր։ Գործընթացը լինելու է շարունակական, քանի որ միջոցառումների ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարի կազմակերպել նման դասընթացներ, առավել ևս, որ տվյալ ոլորտում լինում են բարեփոխումներ և պարզեցումներ։ Տառացիորեն երեկ կառավարությունը համապատասխան ակտերով հավանություն տվեց լիցենզավորման, գնագոյացման, քաղաքաշինական թույլտվությունների համակարգին, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում կատարված փոփոխություններին։ Բոլոր բարեփոխումները պետք է հասանելի լինեն մեր մարզերին, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել դրանցից»,-ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ եթե մարդիկ իրազեկված են, ապա նրանք սխալներ չեն գործում, կատարում են մի աշխատանք, որը լրամշակումների չի ենթարկվում։ Այդ եղանակով կրճատվում են վարչարարությունն ու ժամկետները, իսկ ներդրումային դաշտը դառնում է ավելի բարվոք, որովհետև հեշտացվում է բոլոր գործընթացների իրականացումը»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն