civilnet.am Երևանում դեկտեմբերի 27-ից սկսված տեղումների հետևանքով ձևավորվել է մինչև 20 սանտիմետր հաստությամբ ձյան շերտ: Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հաշվի առնելով դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին կանխատեսվող ձյան տեղումները, պատասխանատու ստորաբաժանումները հանգստի ժամանակ չունեն: Քաղաքապետը հանձնարարեց պլանավորել լրացուցիչ միջոցառումներ՝ թույլ չտալու համար ձյան շերտի ավելացումը և սառցակալումը մայրաքաղաքի բոլոր հատվածներում:
«Սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այս առումով, և մեր տեխնիկան և մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի», ասաց Ավինյանը:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնեց, որ մայրաքաղաքի հյուսիսային հատվածներում տեղացած ձյան բարձրությունը հասել է 15-20 սանտիմետրի, իսկ ցածրադիր գոտիներում՝ 10-15 սանտիմետրի: Նրա խոսքով՝ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են ժամանակին, և մոբիլիզացվել է «ԵԱՍՄ» հիմնարկի ողջ տեխնիկական բազան, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել տրանսպորտային խցանումներից և անանցելի փողոցներից:
Քաղաքապետ Ավինյանն արձանագրեց, որ երկրորդային փողոցներում և բարձրադիր շրջաններում դեռևս առկա են խնդիրներ, որոնք բարդանում են ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով: