ՀՀ ՆԳ նախարարը Ոստիկանությանն ու Փրկարար ծառայությանը հանձնարարել է իրականացնել ուժեղացված հսկողություն

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 29-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության ստուգատեսին։ Նախարարությունից հայտնում են, որ ծառայությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել տոներին ընդառաջ օպերատիվ իրավիճակը և ուժեղացված ծառայության համատեքստում ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Նախարարին է ներկայացվել օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը առևտրի կենտրոնների շրջակայքում, ճանապարհներին և հասարակական ու բոլոր մարդաշատ վայրերում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։ Բարձր գնահատելով հանրապետության ավտոճանապարհներին փրկարարների և ոստիկանների 24/7 ռեժիմով ծառայությունը՝ հորդորել է շարունակել եղանակային փոփոխություններով պայմանավորված, բարդ իրավիճակներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և ահազանգերին օպերատիվորեն արձագանքելուն ուղղված միջոցառումները։

Նախարարը նշել է, որ հատկապես տոնական օրերին հանրային անվտանգության ապահովումը առավել համակարգված մոտեցում է պահանջում՝ հորդորելով ծառայողներին կենտրոնանալ հնարավոր դեպքերի, պատահարների կանխարգելման վրա։

Արփինե Սարգսյանը ոստիկաններին հանձնարարել է շարունակել խիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև առանց ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերին։

Նախարարը բարի և անփորձանք ծառայություն է մաղթել փրկարարներին ու ոստիկաններին։

Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն