ԿԳՄՍ նախարարը հանրակրթական դպրոցների դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հանրակրթական դպրոցների մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու կամավոր ատեստավորմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով մանկավարժների հետ հանդիպումը, մասնավորապես ընդգծել է` դասվարների աշխատանքն առանցքային է դպրոցներում, քանի որ նրանց աշխատանքի շնորհիվ են երեխաները սկսում սիրել դպրոցն ու սովորելը: Նախարարը նաև շեշտել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին շատ կարևոր է մանկավարժական համայնքի արձագանքը՝ ոլորտում իրականացվող ծրագրերը լավարկելու և առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից:

Մանկավարժները շնորհակալություն են հայտնել ընդունելության և իրենց ձայնը լսելի դարձնելու համար՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու նկատառումները կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են թեստային առաջադրանքների կառուցվածքային առանձնահատկություններին, մեթոդաբանությանը, հարցերի բովանդակությանը, գրականության ցանկին, միավորների հաշվարկման մեխանիզմներին, բողոքարկման ձևաչափերի հստակեցմանը և այլն: ԳԹԿ ներկայացուցիչները ներկայացրել են հանգամանալից պարզաբանումներ առաջադրված հարցերի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն