Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի դեմ շարունակվող սահմանափակումները խաղաղության դեմ են գործում։
Նրա խոսքով՝ «Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ, սակայն ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ առաջարկվում են բացարձակապես անտեղի օրենսդրական ակտեր»։
«Ցավոք, մեր և Բայդենի ու Բլինկենի վարչակազմերի միջև բազմաթիվ թյուրըմբռնումներ են եղել, և այդ անհամաձայնությունները մեծապես վնասել են մեր հարաբերություններին», – նշել է Հիքմեթ Հաջիևը՝ բարձր գնահատելով Թրամփի վարչակազմի ներգրավվածությունը Հայաստանի հետ խաղաղության օրակարգին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը Կոնգրեսին են ներկայացրել «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։