Մայր Աթոռը հայտարարություն է տարածել երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ։
«Հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։
ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում Եկեղեցու՝ թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված իրավունքները։
բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տաս եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրեց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։
գ. Հարկ է ընդգծել, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։
դ․ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ցավալի հետևանքներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակել «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։