Մեր սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների. Վեհափառ | news.am

news.am Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտություննների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ իր խոսքում նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը։ Որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը։ Խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը վերածվում է վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը՝ ստորադասվում անձնական ու խմբակային նեղ շահերին։

Մեր սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությունը և խոր վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց եկեղեցին սուրբ է ու սրբաբար, հիմնադրված մեր տեր Հիսուս Քրիստոսի սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո։

Առաքելական մեր եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի տառապանքների միջով, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի հասկացել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, նրան ապավինելու մեջ է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան Հայրապետական Պատարագ է մատուցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցում է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն