civilnet.am Կառավարությունը հավանություն է տվել զբոսաշրջության զարգացման 2026-2030-ի ռազմավարական ծրագրին, որի նպատակն է մինչև 2030-ը տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 մլն-ի։ Էկոնոմիկայի նախարարության մշակած փաստաթուղթը նախատեսում է ոլորտի համալիր բարեփոխումներ, ենթակառուցվածքների բարելավում և շուկաների դիվերսիֆիկացում՝ ուղղված երկրի միջազգային մրցունակության բարձրացմանը։
Ռազմավարության իրականացման համար գնահատված ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 65 մլրդ դրամ։ Ծրագրի թիրախային ցուցանիշների համաձայն՝ 2030-ին ակնկալվում է զբոսաշրջությունից ստացվող եկամուտները հասցնել 3,5 մլրդ դոլարի, որից պետական բյուջեի մուտքերը կկազմեն շուրջ 750 մլն դոլար։ Կանխատեսվում է նաև ներքին զբոսաշրջային այցելությունների աճ՝ մինչև 4,5 մլն։
Փաստաթղթում արձանագրված է, որ վերջին տարիներին ոլորտը տուժել է համավարակի, 44-օրյա պատերազմի և աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով։ Չնայած 2023-ին գրանցված 2,3 մլն այցելությանը, 2024 և 2025-ին նկատվել է նվազման միտում։ Որպես հիմնական մարտահրավեր նշվում է կախվածությունը մեկ շուկայից՝ Ռուսաստանից, որին բաժին է ընկնում այցելությունների շուրջ 50 տոկոսը, մինչդեռ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Իրանից հոսքերը մնում են ցածր մակարդակի վրա։
Ռազմավարությունը շեշտադրում է կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժնի ավելացումը, որն այժմ կազմում է ընդամենը 5 տոկոս։ Խնդիրների թվում առանձնացված են նաև դրամի արժևորման հետևանքով ծառայությունների թանկացումը, անբարեխիղճ մրցակցությունը և սպասարկման ցածր որակը։ 2026-ից կմեկնարկի մարզային ենթակառուցվածքների բարելավման հատուկ ծրագիր՝ 3 մլրդ դրամ ֆինանսավորմամբ, որին կաջակցի նաև Համաշխարհային բանկը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև վերանայել Հայաստանի զբոսաշրջային բրենդը։ Մինչ նոր բրենդի մշակումը, կշարունակվի «Հայաստան՝ թաքնված ուղի» (“Armenia: The Hidden Track”) գործող բրենդի կիրարկումը։ Կառավարությունն ակնկալում է, որ ռազմավարական այս քայլերը թույլ կտան ապահովել զբոսաշրջային այցելությունների տարեկան 10 տոկոս աճ և Հայաստանը դիրքավորել որպես ապահով ու գրավիչ ուղղություն համաշխարհային շուկայում։