armenpress.am Հայաստանի կառավարությունը հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգի վերաբերյալ նախագիծը՝ նպատակ ունենալով համալրել ոլորտում մինչ այս ունեցած կարգավորումներն ու գործարկման մեխանիզմները։
Նախագիծն ընդունվեց կառավարության հունվարի 8-ի նիստում։
«Այս նախագիծը համալրելու է ոլորտում մինչ այս ունեցած և ընդունած կարգավորումները և գործարկման մեխանիզմները։ Մեր կարգավորումների համաձայն՝ արդեն իսկ թեստավորված և գործարկված են մեր ընդհանուր ապահովագրված անձանց կարգավիճակի տրամադրման և տեղեկատվական բազաները, և այս որոշումն էլ համալրելու է մեր գործնական շղթայի հաջորդ հատվածները։ Նախագծով մանրամասն կարգավորվում է համընդհանուր ապահովագրության շրջանակներում տեղեկատվության փոխանակումը»,-ասաց Ավանեսյանը։
Առողջապահության նախարարի խոսքով՝ համակարգի լավարկման համար մեծ աշխատանք է իրականացվել ՀՀ ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և այլոց հետ՝ տվյալների շտեմարանները կարգավորելու և տեղեկատվության փոխանցման ավտոմատ համակարգեր ներդնելու ուղղությամբ։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այդ համակարգը մոտ ապագայում կամբողջացվի։
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Համակարգի ամբողջական ներդրումը իրականացվելու է երեք փուլով և կավարտվի 2028 թվականին։