Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, նոր ստեղծված՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (էլեկտրոնային հարթակի) համապատասխան բաժնի միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկվում է սահմանել պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, ինչը հնարավորություն կտա շահառուներին իրենց վարքագիծը համապատասխանեցնելու սահմանվող պահանջներին: Արդյունքում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայությունից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտվելով էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժնից, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ստեղծված վտանգավոր թափոնների լիցենզիաները և լիցենզիաների ներդիրները, կից փաստաթղթերը կպահպանվեն դրանց էլեկտրոնային տրամադրման հարթակում, հասանելի կլինեն և ըստ անհրաժեշտության ավելի մատչելի եղանակով կօգտագործվեն լիցենզավորված անձանց, թափոնների կառավարման կամ վերահսկման ոլորտների լիազոր մարմինների կողմից, օրինակ՝ թափոնների հաշվառման կամ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում։ Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում կատարվող փոփոխությունների ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն անցկացնել նաև հեռավար եղանակով, ինչը կհեշտացնի հանձնաժողովի նիստերի կազմակերպման և անցկացման գործընթացը։
Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայություններից՝ սահմանաքանակների հաստատման գործընթացից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժնի միջոցով, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: