Ներդրումային ծրագրի իրականացման ողջ արժեշղթան ՀԷՑ-ում իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի մաս հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների կողմից. ՀԷՑ

2025թ.-ի համար ՀԷՑ ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ, որից մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և Ժամանակավոր կառավարչի նշանակումը 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ Ծրագրի փաստացի կատարման ցուցանիշը կազմել է շուրջ 12,8 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ ֆինանսական տարվա առաջին կեսի ավարտին կատարված էր հաստատված ծրագրի ընդամենը 27%-ը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ-ը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած մի շարք լուրերի:

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարումն ստանձնելուց անմիջապես հետո ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ, ի թիվս բազմաթիվ այլ համակողմանի ուսումնասիրությունների և վերահսկողական գործառույթների, նախաձեռնվել են նաև Ընկերությունում Ներդրումային ծրագրի իրականացման տնտեսական արժեշղթայում ներգրավված կազմակերպությունների հետ գործող պայմանագրերի պայմանների (գնումների և մատակարարումների գնագոյացումների, կապալի աշխատանքների արտապատվիրակման պայմանների և այլն) համալիր ուսումնասիրություններ, ինչից պարզ է դարձել, որ Ներդրումային ծրագրի իրականացման ողջ արժեշղթան մինչ այդ ՀԷՑ-ում իրականացվել է բացառապես «Տաշիր» ընկերությունների խմբի մաս հանդիսացող կամ սեփականատերերին ու վերջիններիս մերձավոր շրջապատին ուղղակիորեն փոխկապակցված տնտեսվարող սուբյեկտների կողմից շուկայական արժեքներից զգալիորեն ուռճացված գներով և կապալի աշխատանքների, մատակարարումերի ու ծառայությունների մատուցման ժամկետների էական խախտումներով։

Դրանով պայմանավորված՝ ՀԷՑ-ում մեկնարկել է մասշտաբային գործընթաց, մասնավորապես՝ Ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքները դուրս բերելու ակնհայտ մենաշնորհային փակ-հակամրցակցային տնտեսական ցիկլից և բաց, թափանցիկ ու ներառական մրցութային գործընթացների միջոցով ոլորտից ներգրավելու առավել մրցակցային և ՀԷՑ-ի համար բավականին շահեկան գնառաջարկներ ու էներգետիկ ոլորտի փորձառու տնտեսվարող սուբյեկտներ (արտադրողներ, մատակարարներ, ներմուծողներ, ինչպես նաև՝ նեղ մասնագիտական աշխատուժ և այլն)։

Վերջնարդյունքում՝ 2025թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում, մեկտեղելով նաև ոլորտային շուկաների ուսումնասիրության, գնանշումների և բուն գնումների իրականացման բավականին ժամանակատար և մասշտաբային գործընթացները, Ժամանակավոր կառավարչի թիմին հաջողվել է հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ հաստատված շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ ներդրումային ծրագրից կյանքի կոչել ևս 15,4 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ՝ 2025թ․ Ներդրումային ծրագրի կատարողականը փաստացի հասցնելով շուրջ 28,2 մլրդ ՀՀ դրամի (բացառապես «Մուտք-շահագործում» կարգավիճակում)։ Հարկ է նշել, որ տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում՝ Ժամանակավոր կառավարչի թիմը նույն ժամանակային կտրվածքով ապահովել է ավելի քան 2,6մլրդ ՀՀ դրամի ավել աշխատանքների կատարում, քան իրականացվել էր մինչև Ժամականավոր կառավարչի նշանակումը՝ տարվա առաջին կեսի արդյունքներով)։

Ինչ վերաբերում է Ամանորի նախօրեին ՀԷՑ-ի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարների և հոսանքազրկումների թեմայի շահարկմանը, ապա պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ տարեվերջին ՀԷՑ-ի հոսանքազրկված բաժանորդների թիվը եղել է շուրջ 32,000, այն դեպքում, որ 2025թ․-ի ավարտին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 9,200 բաժանորդ։

Հարկ ենք համարում նաև նշել, որ առանձին քննարկման առարկա են մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի կազմման գործընթացում սահմանված առաջնահերթությունների, դրա իրականացման մեխանիզմների և բյուջեների ձևավորման գործիքակազմերն այն դեպքում, երբ, օրինակ, ՀԷՑ-ի կառավարման նախորդ փուլերում Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված միջոցների զգալի մասը՝ մինչև բուն մատակարարումների և աշխատանքների մեկնարկը, ուղղվել է վերոնշյալ փոխկապակցված «արտոնյալ» ընկերություններին՝ կանխավճարների տեսքով (ավելի քան տասնյակ միլիարդավոր ՀՀ դրամի հասնող գումարներով)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն