civilnet.am Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Էյֆելյան աշտարակի և Հաղթական կամարի հարակից ճանապարհները՝ բողոքելով Եվրամիության և Հարավային Ամերիկայի երկրների միջև սպասվող առևտրային համաձայնագրի դեմ, որը, նրանց պնդմամբ, անարդար մրցակցություն կստեղծի: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ իշխանությունները «ձեռնպահ չեն մնա» միջամտությունից, իսկ կառավարության խոսնակ Մոդ Բրեժոնը ֆրանսիական ռադիոյով ընդգծել է, որ ճանապարհների արգելափակումը կամ խորհրդարանի առջև հավաքվելու փորձերն անօրինական են:
Ոստիկանական ուժեղ վերահսկողության պայմաններում ֆերմերները ցույցեր են անցկացրել նաև Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի առջև՝ սուլոցներով ու բացականչություններով դիմավորելով Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին, երբ նա դուրս է եկել նրանց հետ հանդիպման:
Եվրոմիության անդամ երկրները նախատեսում են այսօր քվեարկել Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի և Պարագվայի՝ Mercosur առևտրային բլոկի հետ գործարքի շուրջ, որը վավերացման դեպքում կստեղծի գրեթե 800 մլն մարդ ընդգրկող ընդհանուր շուկա՝ խթանելով ԵՄ արտահանումները: Թեև Գերմանիան և Իսպանիան աջակցում են Mercosur-ի գործարքին, Ֆրանսիան երկար ժամանակ դիմադրություն է ցույց տալիս՝ հաշվի առնելով իր ազդեցիկ գյուղատնտեսական լոբբին և մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հաստատել է, որ քվեարկելու է գործարքի դեմ՝ վկայակոչելով Ֆրանսիայում առկա «միաձայն քաղաքական մերժումը», թեև դա քիչ հավանական է համարվում գործարքը տապալելու համար:
ԵՄ-ն և Mercosur-ը բանակցություններ են վարում արդեն 26 տարի, որոնց նոր թափ հաղորդեցին Թրամփի վարչակազմի հովանավորչական օրակարգն ու Չինաստանի կողմից աճող մրցակցությունը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համաձայնագիրը ստորագրել էր դեռևս 2024-ի վերջին՝ չնայած Ֆրանսիայի, Լեհաստանի և մի քանի այլ պետությունների ընդդիմությանը, սակայն այն դեռևս սպասում է ԵՄ անդամ երկրների և խորհրդարանի վավերացմանը: