Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ:
Ներկայացվել են քաղաքացիության հիմնախնդիրների շրջանակն ու նախանշվող վերափոխումները, զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին: Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների ու քայլերի վերաբերյալ:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկություններ:
ՀՀ վարչապետը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: