Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 26 տարիների ընթացքում ընդհանուր 101 հոգևորական է կարգալույծ հռչակվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ արձագանքելով տարածվող տեղեկություններին, թե կաթողիկոսի գահակալության օրոք անհարկի և մեծ թվով կարգալուծություններ են արվել։
Մայր աթոռը շեշտում է՝ կարգալույծ արված 101 հոգևորականների շարքում են նաև Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ), Վարդան Հունանյանը (նախկինում՝ տեր Տարոն) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե)։
Մայր աթոռը նաև ներկայացրել է կարգալուծությունների պատճառները։ Ըստ այդմ`
- 38 -ը հոգևոր ծառայության ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն,
- 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը,
- 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա,
- 21-ը՝ ուղղակիորեն վեհափառ հայրապետի կողմից։
«Ի դեպ, 2011 թվականին Նորին սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը»,- հիշեցնում են Մայր թոռից։
Միաժամանակ 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում։