Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի. Հանրային կապերի ՊՈԱԿ

Հայաստանի վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է։

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբրև ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։

Նախնական ուսումնասիրության արդյունքում, կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել են էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am հարթակից։

Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ փաստաբան Գոհար Մելոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝ զգայուն տվյալների արտահոսք է եղել կառավարության էլփոստի կոտրման հետևանքով.

«Համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝ Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում ստեղծվել է մեծածավալ տվյալների արտահոսք, որը վաճառքի է հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում։

Ըստ տարածված տեղեկատվության՝ արտահոսքը ներառում է պետական զգայուն հաղորդակցությունների մոտ 8 միլիոն ֆայլ։

Իրավասու պետական մարմինները պետք է հնարավորինս կարճ ժամանակում հերքեն կամ հաստատեն այս տեղեկությունը, իսկ հաստատելու դեպքում՝ իրականացնեն համաչափ գործողություններ՝
  • կատարված պատճառված վնասը գնահատելու,
  • մաքսիմալ նվազեցնելու,
  • մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Եթե այս տեղեկատվությունն իրական է, սա հերթական լրջագույն ահազանգն է, որ վտանգված են մեր անձնական տվյալները, պետական ու ռազմական գաղտնիություն ենթադրող փաստաթղթաշրջանառությունը։

»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն