civilnet.am Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ներկայացվեց մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ստրատեգիական ծրագրի մանրամասները, որի արժեքը գնահատվում է 98 մլրդ դրամ։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Բաբայանը տեղեկացրեց, որ նախագծային աշխատանքները, որոնք ընթացել են 2021-2025-ին, ավարտվել են, և 2026-2031-ին նախատեսվում է իրականացման փաստացի փուլը։
«Այս պահին ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ կառավարության կողմից որևէ միջազգային գործընկերների հետ կամ վարկային գործիքակազմով, ներկա դրությամբ խոսակցություն չկա»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ գերակա շահի մասին որոշումը գտնվում է կառավարությունում, և դրա հաստատումից հետո կմեկնարկեն օտարման գործընթացները։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել միջազգային փորձառու ընկերություններ՝ կիրառելով FIDIC պայմանագրային կառավարման ստանդարտները։
Քաղաքապետի խորհրդական Մերի Թևանյանը հայտնեց, որ այս պահին մշակվում է կառավարության որոշման հատուկ նախագիծ, որը կկարգավորի գնման գործընթացները միջազգային ընթացակարգերի տրամաբանությամբ։
Մարիամ Բաբայանը պարզաբանեց, որ մեկ որոշմամբ սահմանվելու են գնման առանձնահատկությունները և՛ շինարարության, և՛ տեխնիկական հսկողության համար, քանի որ «տեղական կարողությունները բավականին սահմանափակ են նման ծրագրեր կառավարելու համար»։ Ըստ Բաբայանի՝ FIDIC կարգավորումներով տեխնիկական հսկողը հանդես է գալու որպես ծրագրի ինժեներ և պատասխանատու է լինելու շինարարության ողջ ընթացքի համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հստակ ժամկետ պահանջեց «Աջափնյակ» կայարանի նախագծի ներկայացման համար։
«Կարծում եմ մինչև այս ամսվա վերջ կունենանք նախագիծը»,- ասաց Մարիամ Բաբայանը։