Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց. նոր դատախազը գործին ծանոթ չէր | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը։ Մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը հայտարարեց, որ ինքն այս գործով նոր է նշանակվել և այդ իսկ պատճառով գործի մանրամասներին ծանոթ չէ։

Համբարձումյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանն առարկեց` նշելով, որ արդեն 9-րդ անգամն են այս գործով դատախազ փոխում և առաջարկեց շարունակել նիստը։

«Այսօր քննարկելու ենք խափանման միջոցի հարցը, դատախազը պրոֆեսիոնալ է, կարող է գոնե միայն այդ հարցով քննարկում ունենալ, որից հետո կարող ենք հետաձգել նիստը»,– հայտարարեց նա։

Փաստաբանները նաև հայտարարեցին, որ անցած ուրբաթ առավոտյան են տեղեկացել, որ դատախազ Արմեն Բեգլարյանն աշխատանքից ազատվել է ու նոր դատախազ է նշանակվել։

Դատավորը, այնուամենայնիվ, որոշեց նիստը հետաձգել մեկ շաբաթով։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19–ին ժամը 14։00–ին։

Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։

Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

Մասիսի համայնքապետը հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն