Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն արձագանքել են ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությանը, թե «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը պետք է ոչ միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես նշել է.
«Ռուսաստանցի պրոպագանդիստը հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի ինքնիշխանության դեմ, և ես ուզում եմ հիշեցնել, թե մենք որքան ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը վերջին տարիներին։
Նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության հռչակագիրը և նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը։ Բոլորդ հիշում եք։ Շուտով կլինի երկու տարի, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակոցից զինվոր չի զոհվել։ Սա մի ժամանակ երազանք էր, այսօր՝ իրականություն։
Սա մոնումենտալ փոփոխություն է մեր կյանքում, ուղղակի մենք կենցաղային թոհուբոհի մեջ երբեմն չենք նկատում։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել հացահատիկ, դիզվառելիք, շուտով նոր խմբաքանակներ են գալիս։ Սա ևս ժամանակին աննախադեպ էր, հիմա ոչ միայն աննախադեպ չէ, այլև ունի նախադեպեր, և դրանք շատանալու են։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները աշխատում են «Թրամփի ուղու» գործարկման շուրջ։ Մի հատ նայեք աշխարհին, տեսեք այս փոթորիկը, որ տեղի է ունենում աշխարհում և Հայաստանը, որն ամրապնդում է իր խաղաղությունը, Ադրբեջանի հետ սկսում է առևտուր, Թուրքիայի հետ մտնում է հարաբերությունների կարգավորման նոր փուլ, «Թրամփի ուղու» գործարկման շուրջ է աշխատում։
Սրանք մեր ինքնիշխանության ամրապնդման վառ օրինակներ են, և, իհարկե, հիմա նորից հնչում են սպառնալիքներ մեր ինքնիշխանության դեմ։ Ի՞նչ պիտի մենք անենք։ Մենք պիտի տասնապատկենք մեր ջանքերը խաղաղության ամրապնդման, սահմանների ապաշրջափակման, ճանապարհներ կառուցելու, առևտուր անելու, հարևանների հետ խաղաղ համակեցության ուղղությամբ։ Սա է մեր ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքը և սա է լինելու է մեր պատասխանը»։
Հիշեցնենք, որ ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հաղորդման ընթացքում հայտարարել էր, թե «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը պետք է ոչ միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։