Կորպուսի հրամանատարը տեղում է եղել, պետք է լինեին բանակցություններ, բայց Ադրբեջանը դիմել է սադրանքի. սյունեցի պատգամավոր |news.am|

news.am: Պետք է լինեին բանակցություններ մեր եւ ադրբեջանցիների միջեւ, Կորպուսի հրամանատարը տեղում է եղել, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, ակայն բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է սադրանք Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Դիտարկմանը, որ ՊՆ-ի տրածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանցիների պիկապը մոտ 10 զինծառայողներով գալիս է եւ մերոնք չեն կրակում, պատգամավորն ասաց. «Երբ մոտեցել է պիկապը, այնպես չէ, որ կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ հենց այդ բանակցողներն են եկել, կարող է մտածել են, որ ինչ-որ այլ առիթով են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, եւ եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել»:

Հարցին, թե ստացվում է, որ մենք ապավինում ենք ադրբեջանցիների ողջախոհությա՞նը, Ղահրամանյանը պատասխանեց. «Ոչ մի դեպքում որեւէ մեկի ողջախոհությանը, բացի մերից, մենք չենք ապավինում:

Բանակցություններ մինչ այդ էլ են եղել, այդ ընթացքում էլ են եղել, երեկ էլ պետք է լինեին, բայց ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի: Բանակցություններից Ադրբեջանը չի հրաժարվել, որովհետեւ հետո էլի եղան բանակցություններ, որ կանգնեցին մարտերը: Այդ պահին եղել է սադրանք, սկսվել է հրաձգություն, որը վերածվել է մեծ մարտի»:

Հարցին, թե ինչ նպատակ ունեն ադրբեջանցիները, ուզում են գրավե՞լ Տեղ գյուղը, ՔՊ-կան պատգամավորն արձագանքեց. «Ոչ, ուղղակի սադրանքի են դիմում խաղաղության բանակցությունները խաթարելու համար: Իրենք մեզ են մեղադրում նույնի համար, բայց հասկանում ենք, թե ում ձեռնտու չի այս  ամեն ինչը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով