civilnet.am Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ասպարեզում՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում: Այս մասին Truth-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։ Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառություններ են։ Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ասպարեզում՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում»,- գրել է պետքարտուղարը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Ինչպես նշում է ԱԳՆ-ն, այս փաստաթուղթը «նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար»։