Չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց ՀՀ-ի համաձայնության. Միրզոյանը՝ TRIPP-ի բաժնեմասերը վաճառելու մասին | 1lurer.am

1lurer.am  Ինչպես ցանկացած ընկերության բաժնեմասեր կարող են օտարվել, վաճառվել, նվիրվել, անջատվել, վերակազմակերպվել, բայց չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց ՀՀ-ի համաձայնության: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի մասին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնություններին:

«Փաստաթղթում հստակ նշված է, որ այդպիսի զարգացումների դեպքում և վերջնական սեփականատերերի փոփոխության դեպքում անհրաժեշտ է ՀՀ-ի և ԱՄՆ կառավարության նախօրոք համաձայնություն:

Այսինքն՝ չի կարող այդպիսի բան տեղի ունենալ՝ առանց ՀՀ-ի համաձանության: Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ այ հիմա բաժնեմասերի որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնեք կիսել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, հետո կսկսվի ընկերության գործունեությունը, հետո ինչ-որ փուլում՝ մի ամիս հետո, մի շաբաթ հետո, մի տարի հետո, 10 տարի հետո, մեզնից թաքուն, մեր կամքին հակառակ բաժնեմասերի մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին:

Հիմա հստակ ամրագրում ենք, որ այդպիսի մի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա: Դա կլինի պայմանագրի խախտում, հետևաբար չի կարող լինել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հանդիպման արդյունքներով հրապարակվել է  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն