Հայաստանն ու ԱՄՆ-ն չեն քննարկել ԹՐԻՓՓ-ին Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավումը | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեն քննարկել ԹՐԻՓՓ նախագծին Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավումը:

Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«ԹՐԻՓՓ-ն ինչպես կար, այնպես էլ այս պահին կա՝ որպես ՀՀ-ԱՄՆ համատեղ բիզնես գործունեություն: Եթե ավելի լայն ապաշրջափակման համատեքստում դիտարկենք, իհարկե, ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործարկմամբ այդ ենթադրյալ Ասիա-ԵՄ մեծ լոգիստիկ նոր անցումը չի ապահովվի, Հայաստանի ամբողջական ապաշրջափակումն էլ ամբողջական չի լինի: Գիտեք՝ Թուրքիայի հետ խոսակցությունը վաղուց կա այս ուղղությամբ, բավականին կառուցողական խոսակցություն կա, և ես կարծում եմ՝ մոտ ապագայում արդեն շոշափելի քայլեր կունենանք: Բայց, իհարկե, բոլորիս ընկալումն այն է, որ բեռները, մարդիկ Ասիայից կարող են գալ Ադրբեջան, այնուհետև Հայաստանի տարածք, Նախիջևան, կրկին Երասխով Հայաստան, և, եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությամբ: Հետևաբար, տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման և տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ ԹՐԻՓՓ-ի մասով»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը հավելեց՝ Ռուսաստանի Դաշնությունը ևս չի լինի ԹՐԻՓՓ-ի մաս, բայց Հայաստանը նպատակ չունի այս քայլով դուրս թողնել Ռուսաստանին:

«Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում: ԹՐԻՓՓ-ում՝ ոչ, բայց ԹՐԻՓՓ-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է ստեղծվել նաև Ռուսաստանի Դաշնության համար»,- նշեց նախարարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն