«Սա կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ». Իրանի դեսպանը մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ակցիաները թույլ տալու համար

Շատերն էին սպասում, որ Իրանում անկայունություն ստեղծվի, և անջատողական որոշ ուժեր ակտիվանան, և Իրանը մասնատեն: Սա այն գործընթացն է, որ ի սկզբանե պլանավորվել է:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Իրանում 2025-ի տարեվերջին մեկնարկած ցույցերին, որոնց ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, մոտ 3000 մարդ է զոհվել:

Ըստ դեսպանի՝ Իրանը մասնատել, իհարկե, չի հաջողվի, սակայն, ըստ նրա, եթե այդ ուժերը հաջողության հասնեն, «Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու»:

Ինչպես հայտնել էինք, Իրանում ՀՀ դեսպանության առջև ևս ակցիաներ են տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Իրանում անկացվող բազմամարդ ակցիաների մասնակիցներին:

Հայաստանում Իրանի դեսպանը անուղղակիորեն մեղադրեց հայկական կողմին այդ ակցիաները թույլատրելու համար:

Նրա խոսքով՝ «Իրանի պաշտոնյաներն անհանգստացած են, որ մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց և շատ անհարգալից ու վիրավորական արտահայատություններ հնչեցնել»:

«Արդեն 6 օր է՝ երեկոյան 6-9-ը ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան դիմաց, հանդես գալիս շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով: Ի հեճուկս այն բանի, որ մենք հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է»,- ասաց նա:

Դեսպանն ընդծեց, որ ՀՀ համապատասխան պատկան մարմիններին բազմիցս տեղեկացրել են ակցիաների վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին:

«Օրինակները շատ են, որ մենք կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին ամենադժվար պահերին: Հիմա մենք դժվար իրավիճակում ենք: Իրադարձությունը, որ տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ»,- ասաց նա:

Պատասխանելով ճշտող հարցին, թե սա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, դեսպանն ասաց. «Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դադռնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար»:

Հիշեցնենք, որ Իրանում հակակառավարական զանգվածային ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։

«Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար կոչ է անում ցուցարարներին չդադարեցնել բողոքի ակցիաները՝ միաժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կդիտարկի Իրանին «պատժելու» տարբերակներ։ ԱՄՆ նախագահը նախ հայտարարել էր Իրանի իշխանությունների հետ բանակցությունների մտադրության մասին, սակայն հետո չեղարկել էր դրանք։

Լուսանկարը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց անցվացված բողոքի ակցիայից/ Հետք, Նարեկ Ալեքսանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն