Իրանը վստահում է Հայաստանին, չի վստահում Ամերիկային։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարաեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ վերջին հայտարարությանը։
«Հայաստանը մեր բարեկամ երկիրն է: Երկու երկրների ղեկավարների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Ուրախ ենք ցանկացած դրական քայլի համար, որ տեղի է ունենում ապաշրջափակման և Հայաստանի զարգացման ուղղությամբ»,- ասաց դեսպանը:
Դեսպանի խոսքով՝ Իրանի դիրքորոշումը հստակ է․ «Մենք հայ գործընկերներին ասել ենք, որ ձեզ վստահում ենք: Բայց մենք գործ ունենք մի Ամերիկայի հետ, որը ինչպես նշեցի, շատ հստակ է՝ ինչ գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ: Մենք չենք վստահում ԱՄՆ-ին: Եվ մենք մտահոգ ենք, որ Ամերիկան այս ծրագիրը կարող է օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակում»։
Խալիլ Շիրղոլամին նշեց՝ իրենց մտահոգությունները փոխանցել են հայ գործընկերներին․ «Նրանք մեզ վստահություն են տվել, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար: Պայմանավորվել ենք, որ մեր կապը շարունակական կլինի, որ հասկանանք, թե ինչպիսին են պրոյեկտի մասշտաբները:
Հայաստանի և Իրանի հյարաբերությունները ռազմակավարական տեսանկյունից մեծ նշանակություն ունեն, և ոչ մի խնդիր չպետք է մարտահրավեր նետի դրանց: Հուսով ենք, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն և կփարատվեն»,- հայտարարեց դեսպանը: