ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ քննարկվել են առողջ ապրելակերպի խթանմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանքար Դատտային:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ընդգծելով նաև միջոլորտային համագործակցությունն առողջ ապրելակերպի ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ դպրոցներում, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առողջ ապրելակերպին, ֆիզիկական ակտիվությանը և առողջ սննդի խթանմանը միտված նախաձեռնություններին։ Քննարկվել է ԱՀԿ փորձի կիրառման հնարավորությունն ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև կրթական բովանդակության մշակման գործընթացներում։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ դպրոցականների առողջ սնվելու սովորույթները խթանելու նպատակով իրականացվում է «Կաթ դպրոցներին» ծրագիրը, որի շրջանակում Երևանի և մարզերի հազարավոր աշակերտների համար ապահովվում է առողջ սնունդ:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը՝ շեշտելով ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների դպրոցականները ծրագրի շահառու են և ստանում ճիշտ ու առողջ սնվելու վերաբերյալ գիտելիք։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի դպրոցները ևս «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու նպատակով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտան շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար: Նա ընդգծել է՝ առողջապահության և կրթության ոլորտների սերտ համագործակցությունն առողջ սերունդ ունենալու կարևոր գրավականներից է: Այս համատեքստում ընդգծվել է դպրոցների՝ որպես վարքագծային փոփոխությունների արձանագրման կարևոր հարթակ լինելու հանգամանքը: Նա նաև կարևորել է հոգեկան առողջության ամրապնդման և պահպանման ուղղությամբ համագործակցությունը՝ այս համատեքստում կարևորելով մշակույթի և արվեստի դերակատարությունը:

Ընդգծվել է՝ համագործակցության ընդլայնումը կարող է նպաստել կրթական միջավայրում առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը և հանրային առողջության ցուցանիշների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երիտասարդության ոլորտում համագործակցության հնարավորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն