Թուրքիայի աջ ծայրահեղական ազգայնական «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) ղեկավար Ումիթ Օզդաղն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան, գրում է Agos-ը։
«Նորին Սրբություն Սահակ II պատրիարքը 2026 թվականի հունվարի 13-ին իր գրասենյակում ընդունել է «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Սուրբ Փրկիչ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Ացուպը, հայր Շիրվան Մուրզյանը և Գարո Վռամ Բաբայանը։ Հանդիպման ընթացքում Ումիթ Օզդաղը նշել է, որ այցելել է պատրիարքարան՝ համայնքի խնդիրներին և սպասումներին ծանոթանալու համար, և որ ինքը մեծապես հետաքրքրված է այդ հարցերով»,- ասվում է Պատրիարքարանի տարածած հաղորդագրությունում։
Նորին Սրբություն պատրիարքը նշել է, որ համայնքի ներսում երբեմն ատելության խոսքի վերածվող արտահայտությունները հատկապես անհանգստացնում են հայկական համայնքի երիտասարդությանը։ Նա նշել է, որ թուրք և հայ ժողովուրդները երկար ընդհանուր պատմություն ունեն և ավելի շատ ընդհանուր բնութագրեր ունեն, քան ընդունված է կարծել, հավելելով, որ հայ համայնքի բնակչության թվի նվազումը նույնպես կարող է դիտվել որպես կորուստ Թուրքիայի համար: Նշելով խաղաղությամբ միասին ապրելու և ստեղծագործելու կարողության արժեքը՝ Պոլսո պատրիարքն ասել է, որ «իրական բանալին սրտեր նվաճելն է», և որ մարդիկ միմյանց մոտենալուն զուգընթաց նախապաշարմունքները նվազում են։
Հայտարարության համաձայն՝ պատրիարք Մաշալյանը նշել է, որ «Թուրքիայի հայ համայնքի հաստատությունները, ինչպիսիք են դպրոցները, թերթերը և հեռուստաալիքները, համակեցության մշակույթի կոնկրետ դրսևորում են, և հավելել է, որ իրենք կարևորում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը և հույսով են նայում ապագային»։
«Հաղթանակ» կուսակցությունն իր հերթին է հայտարարություն տարածել․ «Մեր նախագահ Ումիթ Օզդաղը, «Հաղթանակ» կուսակցության նախագահական խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուի, Նազիֆ Օքումուշի, փաստաբան Թայգա Աքի, ինչպես նաև մեր գլխավոր խորհրդականներ Սելջուկ Գեչերի և Դիլեք Քարաֆազլիի հետ միասին այցելել են Թուրքիայի Հայոց պատրիարքարան։ Այցի ընթացքում նրանք հանդիպել են պատրիարք Սահակ Մաշալյանի և Գալաթայի Սուրբ Փրկիչ հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Ացուպի հետ։Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց բարի հյուրընկալության համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։