armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագանց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ անկլավում տեխնոկրատ պաղեստինյան վարչակազմի ստեղծմամբ։
«Այսօր, նախագահ Թրամփի անունից, մենք հայտարարում ենք Գազայի հակամարտության վերջ դնելու` նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ հրադադարից անցնելով ապառազմականացման, տեխնոկրատ կառավարման և վերակառուցման»,- գրել է Ուիթքոֆը X միկրոբլոգում։
Նա նշել է, որ երկրորդ փուլով Գազայում նախատեսվում է ստեղծել անցումային տեխնոկրատական պաղեստինյան վարչակազմ, Գազայի կառավարման ազգային կոմիտե և սկսել Գազայի լիակատար ապառազմականացման և վերակառուցման գործընթաց, չարտոնված անձնակազմի զինաթափում:
«ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ անհապաղ կվերադարձնի վերջին մահացած պատանդի աճյունը: Դա չանելու դեպքում լուրջ հետևանքներ կլինեն»,- նշել է Ուիթքոֆը գրառման մեջ։
Նաև կարևորվել է առաջին փուլի ընթացքում մարդասիրական օգնության տրամադրումը, հրադադարի պահպանումը, բոլոր ողջ մնացած պատանդների, ինչպես նաև մահացածների աճյունների վերադարձը:
«Մենք խորապես շնորհակալ ենք Եգիպտոսին, Թուրքիային և Կատարին իրենց անփոխարինելի միջնորդական ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին մինչ օրս արձանագրված ողջ առաջընթացը»,- նշել է բանագնացը:
2025 թվականի սեպտեմբերին Թրամփի վարչակազմը հրապարակել էր եռափուլ, 20 կետանոց խաղաղության ծրագիր, որը նպատակ ուներ դադարեցնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը, որը բռնկվել էր 2023 թվականի հոկտեմբերին։ Դրա հետևանքով Գազայում զոհվել էր ավելի քան 71000 և վիրավորվել ավելի քան 171000 մարդ։
Ծրագրի իրականացման առաջին փուլի ընթացքում երկու կողմերն էլ բազմիցս մեղադրել են միմյանց խախտումների մեջ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։