Կառավարությունը խստացնում է սպառողների հետ կնքվող պայմանագրերի կանոնները

Կառավարությունը հունվարի 15-ին հաստատեց «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են մի շարք նոր պայմաններ, դրույթներ ու հասկացություններ։ Բոլոր փոփոխություններն ուղղված են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների կանխմանը։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Մասնավորապես, օրենքի նախագծում սահմանվել է, որ սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում չեն կարող ներառվել այնպիսի պայմաններ, որոնցով՝

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է  ներդնել հեռակա կնքվող պայմանագրերի ինստիտուտ։

Հեռակա պայմանագրերի դեպքում սպառողը ֆիզիկական շփում չի ունենում վաճառողի հետ, ինչը սպառողի համար ստեղծում է տեղեկատվական անհավասար վիճակ։ Ըստ այդմ՝ օրենքի նախագծով սահմանվում է վաճառողի պարտականությունը՝ տրամադրել սպառողին ամբողջական, հստակ, հասկանալի և նախնական տեղեկատվություն, որը թույլ կտա սպառողին կայացնել տեղեկացված և գիտակցված որոշում՝ ապրանքը գնելուց կամ ծառայությունից օգտվելուց առաջ։

Միաժամանակ, սպառողին հնարավորություն է տրվում 14-օրյա ժամկետում հրաժարվել ապրանքից կամ ծառայությունից՝ առանց ֆինանսական պարտավորության, քանի որ հեռակա (հատկապես ինտերնետային և հեռախոսային պատվերների) և շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում սպառողը հնարավորություն չի ունենում տեսնելու ապրանքը նախքան վճարելը։

Նախագծով սահմանվում են թվային տարրեր պարունակող ապրանքներին կամ ծառայություններին առնչվող մի շարք հասկացություններ, ինչպես՝ «համատեղելիություն», «փոխգործունակություն», «դիմացկունություն», «թվային ծառայություն» և մի շարք այլ հասկացություններ։

Միաժամանակ, նախատեսվող կարգավորումներով վաճառողը պարտավոր է սահմանել ապրանքի, այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ, որի ընթացքում ապրանքի մեջ թերության հայտնաբերման դեպքում վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի` օրենքով սահմանված պահանջները, իսկ  օգտագործված ապրանքի դեպքում երաշխիքային ժամկետի սահմանվող նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել մեկ տարուց։ Իսկ ապրանքի առաքման պահից մեկ տարվա ընթացքում ապրանքի ցանկացած անհամապատասխանության հայտնի դառնալու պարագայում, ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը։

Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն