civilnet.am Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան գնահատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կառուցողական դերը». այս մասին նա հայտարարել է հունվարի 15-ին տեղական և միջազգային լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսին:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության միջև եռակողմ քաղաքական կամքի մասին՝ Ֆիդանն առանձնացրել է Հայաստանում սպասվող ընտրությունները։
«Հայաստանին սպասում եմ մի շարք իրադարձություններ։ Հունիսի սկզբին Հայաստանում սպասվում են ընտրություններ՝ կարևոր փուլ է լինելու։ Ներկայում տեսնում ենք, որ հարցումներում պարոն Փաշինյանն է առաջատարը, և մենք այս հարցում [տարածաշրջանային գործընթացների] նրա կատարած կառուցողական դերն իսկապես աջակցում ենք։ Անրաժեշտ է, որ այդ [քաղաքական] գիծն ու կամքը շարունակվեն», – ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ Անկարան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրում, և նա վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները Երևանի հետ՝ պնդելով, որ գործընթացի համար անհրաժեշտ քաղաքական կամքն առկա է բոլոր երեք կողմերի մոտ։
Ֆիդանը խոսել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի մասին՝ նշելով, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո իր գործընկեր՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ երկժամյա քննարկում է ունեցել։