2020–ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի գործով նամակ է ուղարկվել ՄԱԿ

Արգենտինայում գործող SOAR (Հայ որբերի օգնության ընկերություն) կազմակերպությունը 2020 թվականից ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի վերաբերյալ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին:

«SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը – խմբ.) և անձամբ իմ՝ պարոն Լյուդվիգ Մկրտչյանի օրինական ներկայացուցչի անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Բաքվում նրա շարունակական կալանքի վերաբերյալ, որը տևում է արդեն ավելի քան հինգ տարի։

Պարոն Մկրտչյանի երկարատև ազատազրկումը, արդար դատաքննության բացակայությունը և ընտանիքից նրա երկարատև բաժանումը հանդիսանում են միջազգային մարդու իրավունքների իրավունքի լուրջ խախտումներ։

Մկրտչյանը մարտական գործողությունների մասնակից էր և ըստ Ժնևյան կոնվենցիաների և դրանց կից լրացուցիչ արձանագրությունների՝ պետք է ազատ արձակվեր 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո։ Նրա հետագա բանտարկությունը միջազգային իրավական պարտավորությունների ակնհայտ խախտում է։

Կարևոր է այս գործը դիտարկել ավելի լայն միջազգային համատեքստում: Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ ոչ մի քաղաքական գործընթաց վստահելի չէ, քանի դեռ գերության մեջ են մնում բանտարկյալներ, ապօրինի ձերբակալված քաղաքացիական անձինք:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ հայ մարդիկ բանտարկության մեջ են։ Խաղաղության գործընթացը կավարտվի միայն այն ժամանակ, երբ վերջին հայ կալանավորը տուն վերադառնա։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ակտիվացնել հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իրենց ջանքերը»,-ասվում է SOAR-ի ղեկավար Լուսիանա Մինասյանի նամակում, որը հրապարակվել է «X» սոցիալական ցանցի իր էջում:

Ավելի վաղ Լուսիանա Մինասյանը ներկայացրել է գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի շահերը, ով երեք այլ հայերի հետ միասին ազատ էր արձակվել հունվարի 14-ին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն