«Արմավիրի» ՔԿՀ–ում հացադուլի մեջ գտնվող Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի համար շտապօգնություն են կանչել։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու»,– գրել է փաստաբանը։
Նա հիշեցրել է, որ այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր։
Հիշեցնենք, որ դատարանը հունվարի 9- ին 3 ամսով երկարեցրել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը: