Պուտինին հրավիրել են Թրամփի կողմից ստեղծվող «Խաղաղության խորհուրդ»  | civilnet.am

civilnet.am  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին», որը նախատեսվում է ստեղծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո՛, իսկապես, նախագահ Պուտինը դիվանագիտական խողովակներով ստացել է հրավեր՝ միանալու այդ «Խաղաղության խորհրդի» կազմին։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք առաջարկի բոլոր մանրամասները, այդ թվում՝ հույս ունենք շփումներ ունենալ ամերիկյան կողմի հետ՝ բոլոր նրբությունները հստակեցնելու համար»,- ասել է Պեսկովը։

«Խաղաղության խորհուրդը» նախատեսվում էր որպես միջազգային մարմին՝ Գազայի հատվածի կառավարումը կազմակերպելու համար հրադադարի հաստատումից հետո։ Սպիտակ տունը արդեն հայտարարել է, որ խորհրդի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

Սակայն, ինչպես նշում է Bloomberg-ը, որը ծանոթացել է ստեղծվելիք կառույցի կանոնադրությանը, խորհրդին վերապահվելու են զգալիորեն ավելի լայն լիազորություններ։ Փաստաթղթում այն նկարագրվում է որպես «միջազգային կազմակերպություն, որը ձգտում է նպաստել կայունությանը, վերականգնել վստահելի և օրինական կառավարումը և ապահովել տևական խաղաղություն հակամարտություններից տուժած կամ վտանգված տարածքներում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն