Ինքնակամ շինությունների հաշվառման համար կտրվի ևս մեկ տարի  | civilnet.am

civilnet.am  Ինքնակամ շինությունների հաշվառման կարգավորման գործող ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով. այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հունվարի 19-ին ասուլիսում։

Նրա խոսքով՝ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից և կգործի մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։

Թովմասյանի խոսքով՝ մարդիկ հաճախ հայտնել են, որ «ժամանակ են բաց թողել», «տեղեկացված չեն եղել» կամ «հանրապետությունում չեն եղել» և նախորդ կարգավորումների ընթացքում չեն հասցրել հաշվառել 2021-ից առաջ կառուցված ինքնակամ շինությունները։ Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվում հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք «արտացոլված են 2021-ին Հայաստանի Հանրապետության օդային լուսանկարում»։

Ինչ է փոխվում և ում է վերաբերում

Կադաստրի ղեկավարի ներկայացմամբ՝ խոսքը վերաբերում է մինչև 2021-ի օդային լուսանկարահանման պահը գոյություն ունեցած ինքնակամ կառույցներին։ Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ քաղաքացիները, որոնք ունեն այդպիսի ինքնակամ շինություններ, ստանում են ևս մեկ հնարավորություն՝ դրանք չափագրելու, տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և հաստատում ստանալուց հետո դրանք համարելու հաշվառված։

Թովմասյանը շեշտել է, որ հաշվառումը չի նշանակում օրինականացում։ «Հաշվառումը պրոցեսի սկիզբն է»,- ասել է նա՝ հավելելով, որ հաշվառումից հետո միայն քաղաքացին կարող է դիմել համայնքին, որպեսզի համայնքի որոշմամբ շինությունը ճանաչվի օրինական՝ եթե այն բավարարի քաղաքաշինական պահանջներին, նորմերին և իրավական կարգավորումներին։

Թովմասյանը քաղաքացիներին հորդորել է գործընթացը չհետաձգել՝ նշելով, որ նախկին փորձը ցույց է տվել ծանրաբեռնվածության կտրուկ աճ տարեվերջին։

Ինչպես պարզել՝ կառույցը 2021-ի օդային լուսանկարում երևում է, թե ոչ

Կադաստրի կոմիտեի ղեկավարը ներկայացրել է քայլերի հերթականություն՝ ինչպես հասկանալ՝ ինքնակամ շինությունը ներառված է 2021-ի օդային լուսանկարում, թե ոչ։ Առաջինը, նրա խոսքով, «սեփական հիշողությունն է»՝ կառուցողը պետք է կարողանա կողմնորոշվել, թե երբ է կառուցել։ Եթե տարեթիվը պարզ չէ, պաշտոնյան խորհուրդ է տալիս դիմել սեփական արխիվներին՝ լուսանկարների և տեսագրությունների միջոցով։

Հաջորդ փուլում Թովմասյանը խորհուրդ է տվել օգտվել բաց հասանելի օդային պատկերներ պարունակող հարթակներից՝ որպես օրինակ նշելով Google-ը, որտեղ հնարավոր է «ըստ տարիների ստուգել»։ Իսկ եթե այս աղբյուրները բավարար չեն, «վճարովի ծառայություն է»՝ կարելի է դիմել Կադաստրի կոմիտե, վճարել սահմանված պետական տուրքն ու ծառայության վճարը և ստանալ համապատասխան տեղեկատվություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն