arm.sputniknews.ru Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կալանքով։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։
Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Դատարանի դահլիճում ներկաները ծափերով ողջունեցին որոշումը։
Տնային կալանքի պայմաններում Դավիթ Համբարձումյանին արգելված են տեսակցություններն ու այցերը` բացառությամբ ընտանիքի անդամների և պաշտպանների։
Գործի քննությունը կշարունակվի փետրվարի 5-ին՝ 14։00-ին։
Հիշեցնենք` Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։
Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Նա հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 31-ին հայտարարեց, որ դադարեցնում է ավագանու անդամի իր լիազորությունները։