Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Հռոմում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային՝ ընդգծելով բարձրաստիճան շփումների նշանակալի դերը կառուցողական քաղաքական երկխոսության խթանման, տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։
«Քննարկվել է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: Կողմերն ընդգծել են մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով համատեղ քայլերի իրագործման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր, ինչպես նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
Հաղորդվում է, որ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է 2025թ. օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում զարգացումները։ Ի թիվս այլնի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շրջանակներում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունմանը։