««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ հերթական նիստում՝ 67 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
Վերոնշյալ օրենքի՝ հուշարձանների օտարումը սահմանող 37-րդ հոդվածը փոփոխելու առաջարկությամբ հանդես են եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը:
Ըստ նախագծի՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում:
«Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված»,- ասվում է նախագծում:
Թագուհի Ղազարյանը նշեց, թե անկախ կրոնական համոզմունքներից՝ հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները և արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով, ապա հավելեց. «Մենք պնդում ենք, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող բոլոր եկեղեցիները պետք է շարունակեն պատկանել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:
Պատգամավորի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է ավելի ամրապնդելու ինստիտուցոնալ մեխանիզմները հուշարձանների պահպանության ոլորտում:
Ընդդիմադիր պատգամավորները իրենց ելույթներում այս նախագիծը կապեցին Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին ունի իր կանոնադրությունը, որի համաձայն՝ ընծայաբերման և մասունքներ փոխանակելու, նվիրելու դարավոր ավանդույթներ կան, և Եկեղեցին 30-ից ավելի մասունքներ է ստացել քրիստոնեական աշխարհից և ոչ միայն:
«Երբ պետությունը քիթը խոթում է Եկեղեցու նվիրաբերման կարգի մեջ, վարկաբեկվում է ժառանգության պահպանության ազնիվ մտադրությունը:
Շատերը թեման տարան, թե կարող է եկեղեցի օտարվել, որի նախադեպը չունենք: Սա թույլ է տալիս ինձ և շատերին հաստատապես մտածել, որ սա Հայ առաքելական եկեղեցու դեմ ձեր քաղաքական ուժի (ՔՊ՝ խմբ.) կողմից սանձազերծված ասպատակության և թիրախավորման շրջանակներում հերթական առիթն է վարկաբեկելու եկեղեցին, երբ նման հիմք չկա»,- նշեց Գալստյանը:
Նա վստահեցրեց, որ եթե այս նախագիծը պատմամշակութային հուշարձանները պաշտպանելու մասին լիներ, իրենց խմբակցությունից որևէ մեկը դեմ չէր արտահայտվի, բայց իրենց համար պարզ է, որ դրա մասին չէ:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան, «Հետք»