Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 87 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով:
«Նախագծով առաջարկվում է թույլ տալ 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ քաղաքացիներին վերադառնալ Հայաստան ու ծառայելով կամ գումար վճարելով մարել ՀՀ-ի առջև ունեցած պարտքը և նոր կյանք սկսել ՀՀ-ում»,- քվեարկությունից հետո ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը նախագծի հեղինակն է:
Երեկ նախագիծը ներկայացնելիս նա հայտնել էր, որ այժմ ունենք հետախուզման մեջ գտնվող 1200-ից ավելի տղաներ, որոնց 27 տարին լրացել է և չեն վերադառնում Հայաստան, քանի որ […] վերադառնալու դեպքում կդատապարտվեն:
Նախագծով 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, կամովին վերադառնալ ՀՀ և ընտրել նշված հինգ տարբերակներից մեկը.
- ծառայել 24 ամիս,
- ծառայել 12 ամիս և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ,
- ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 5 մլն դրամ,
- ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 10 մլն դրամ,
- զինծառայության փոխարեն պետբյուջե վճարել 15 մլն դրամ: