civilnet.am Պետությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, առավել քիչ ֆինանսական միջոցների վերադարձի համար, իրականում առավել շատ ռեսուրսներ են ծախսում՝ ծանրաբեռնելով Վերաքննիչ վարչական դատարանը։ Նման եզրահանգման է եկել Արդարադատության նախարարությունը՝ վերլուծելով պետական ու տեղական մարմինների բողոքարկման գործընթացները։ Այս խնդիրը լուծելու նպատակով Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է վերանայել բողոքների քննության իրականացման ընթացակարգերը՝ դրանք դարձնելով գրավոր։
Հունվարի 20-ին Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։
Նախագծով առաջարկվում է վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով՝ որպես ընդհանուր կանոն։ Բանավոր լսումներ կնշանակվեն միայն այն դեպքում, եթե դատարանը եզրահանգի, որ դա անհրաժեշտ է բողոքի քննության արդյունավետության համար։ Սահմանվելու է նաև վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետ՝ վեց ամիս, որը պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան չորս ամսով։ Գրավոր քննության ներդրումը հնարավորություն կտա խնայել փոստային ծախսերը և կրճատել դատական նիստերի հետաձգումների պատճառով առաջացող ձգձգումները։
Փոխնախարար Դադունցը հայտնեց, որ Վերաքննիչ վարչական դատարանում 2024-ին ներկայացվել է 8,748-ից ավելի բողոք, որից 2,877-ը վերաբերել է տուգանքների բողոքարկմանը։
«Հետաքրքիրն այն է, որ այս բողոքներից 80 տոկոսը բերվում են հենց պետական և ՏԻՄ մարմինների կողմից այն դեպքերում, երբ շուրջ 65 տոկոսի դեպքում դրանցով սահմանված տուգանքների չափը չի գերազանցում 25,000 դրամը։ Պատկերացնո՞ւմ ենք, որ 8,748 բողոքից 80 տոկոսը բողոքարկում են պետությունն ու ՏԻՄ-ը, իսկ դրանց 65 տոկոսը մինչև 25,000 դրամ դատական ակտերն են։ Այսինքն՝ դատարանը ծանրաբեռնված է նման փոքր գործեր քննելով»,- հայտարարեց Դադունցը։
Ստացվում է՝ պետությունը, առավել քիչ դրամական միջոցներ վերադարձնելու նպատակով, իրականում ծախսում է մի քանի անգամ շատ միջոցներ։
«Այդ միջոցները կարող են լինել տարբեր տեսքով՝ դատավորի, նրա աշխատակազմի վարձատրություն, թուղթ, կոմունալ ծախսեր, ծանուցումներ և այլն։ Բացի այդ, ըստ վիճակագրության, բողոքարկումների մի ստվար զանգված ընդհանրապես չի էլ բավարարվում դատարանի կողմից. սա ավելի ապարդյուն է դարձնում այս ռեսուրսների օգտագործումը»,- հայտարարեց փոխնախարարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում