ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի ռազմաքաղաքական ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցում անդրադարձ է կատարվել Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմին, Իրանում ընթացիկ ներքին զարգացումներին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա։
Նշվում է, որ նկատի ունենալով այն փաստը, որ Իսրայել – Իրան 12-օրյա պատերազմը չի ապահովել կողմերի ռազմավարական բոլոր նպատակների իրագործումը՝ 2026 թվականին, մեծ հավանականությամբ, կպահպանվի պատերազմի կամ այլ ինտենսիվության փոխադարձ հարվածների կրկնվելու հավանականությունը։
«Սա իր հերթին կընդլայնի Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների շրջանակը՝ միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով»։
Ըստ զեկույցի՝ Իրանում ընթացիկ ներքին գործընթացների կառավարման հարցում իսլամական համակարգի հաջողությունը, ամենայն հավանականությամբ, էական նշանակություն կունենա Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային դերակատարների կողմից առաջ մղվող օրակարգերի նյութականացման հարցում․ «Իրանում անկայունությունների աճն է՛լ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը»։