Ճաշակի հարց է. Միրզոյանն անդրադարձավ Թուրքիայից և ԵՄ-ից հնչած հայտարարությունների մասին ընդդիմադիրների արձագանքին | armenpress.am

armenpress.am ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի՝ Հայաստանի՝ խաղաղությանն ուղղված քաղաքականության, առաջիկա ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները չի համարում երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:

Միրզոյանն այս մասին ընդգծեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով այդ հայտարարությունների վերաբերյալ ընդդիմադիրների արձագանքին:

«Իրականում ԵՄ բարձր ներկայացուցիչն աջակցություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը, կարծում եմ, որևէ կերպ խնդրահարույց չէ, միայն ողջունել և շնորհակալություն հայտնել կարող ենք»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ Հայաստանի ԱԳ նախարարը նկատեց. «Այդ հայտարարությունն աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը: Նաև ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ, Թուրքիայի կողմից այդ գործընթացը ողջունելն է: Չէ՞ որ ամեն ինչ չէ ուղիղ ասվում,  նաև խրախուսանք, կոչ է՝ ուղղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ՝ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանը»:

Միրզոյանը կարծում է, որ դրանում վատ որևէ բան չկա:

«Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել»,-նշեց նա:

ԱԳ նախարարը, անդրադառնալով ընդդիմադիր որոշ շրջանակների քննադատությանը, թե այդ հայտարարությունները Հայաստանին ներքին գործերին միջամտելու փորձ են, ասաց. «Ճաշակի հարց է: Հաշվի առնելով մեր որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակների կամ խմբակների արտաքին քաղաքական ճաշակը, նրանց՝ թաքնված կամ անթաքույց ազդեցության տակ գտնվող մեդիառեսուրսների արտաքին քաղաքական ճաշակը, կարելի է բացատրել գոնե, երբ ԵՄ-ն ողջունում է և ասում, որ կաջակցեն ՀՀ-ում ժողովրդավարությանը, ասում են՝ ներքին գործերին միջամտության փորձ է, երբ Թուրքիան ասում է, որ ողջունում է խաղաղությունն ու դրանում վարչապետ Փաշինյանի դերը, ասում են՝ ներքին գործերին միջամտության փորձ է: Պարզ է չէ՞, որ այս ուժերը և իրենց տիրապետության տակ գտնվող մեդիառեսուրսներն ընդհանրապես չեն նկատում ճաշակից բխող, մյուս կողմից եկող զանազան գնահատականներ ու ուղերձներ, որոնց վրա, ես կասեի, մեծ դժվարությամբ պետք է աչք փակել և չհամարել ներքին գործերին միջամտության փորձ»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն