Այս տարվա հունվարին արդեն ավելի քան 100 կրթական ծրագիր է երաշխավորվել՝ սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակում. Ժաննա Անդրեասյան | 1lurer.am

1lurer.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների երաշխավորմանը:

Նա տեղեկացրել է՝ համապատասխան կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դիմում են ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով իրենց իրականացրած կրթական ծրագիրը: Այս ընթացքում շուրջ 800 ծրագիր է երաշխավորվել, որը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, շուրջ 10 անգամ ավելի է, քան նախկինում երաշխավորվում էր մեկ տարվա ընթացքում:

«Սա նշանակում է, որ դաշտը, իսկապես, զարգանում է՝ հատկապես նկատի ունենալով, թե ինչ կազմակերպություններից և ուղղություններով ենք ստանում կրթական ծրագրերի երաշխավորման հայտերը, այդ թվում՝ տնտեսության, սպասարկման ծառայություններին վերաբերող»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Անդրադառնալով այս տարվա ցուցանիշներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2026 թվականի մեկնարկին արդեն ավելի քան 100 կրթական ծրագիր է երաշխավորվել:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև միջնակարգ ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերին:

«5-12-րդ դասարաններում սովորող երեխաներ ունեցող յուրաքանչյուր աշխատող ծնող, սահմանված ընթացակարգով, դասագրքերի վարձավճարից որպես փոխհատուցում միանվագ հետ է ստանում 3000 դրամ։ Այս ծրագրի շահառու են ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ։ Կարևոր է ընդգծել, որ հինգերորդ և վեցերորդ դասարանների դասագրքերը, ըստ էության, դառնում են ամբողջությամբ անվճար, քանի որ սոցիալական կրեդիտի ձևով վերադարձվող այդ 3000 դրամը լիովին ծածկում է ծնողների վճարած վարձավճարի չափը։ Մյուս դասարանների դեպքում էլ վարձավճարը միջինում նվազում է 66 տոկոսով, ինչը թույլ է տալիս խոսել ծրագրի էական սոցիալական ազդեցության մասին՝ ավելի համատարած և մասսայական գործընթացի շրջանակում»,– ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև ուսուցիչների 2025 թվականի կամավոր ատեստավորման արդյունքներին:

Նրա խոսքով՝ 2025 թ. դրությամբ կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել և այժմ ատեստավորված է 9602 անձ կամ ամեն 3-րդ ուսուցիչը կամ ուսուցիչների շուրջ 31 տոկոսը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախորդ տարի ՀՀ դպրոցներ մուտք է գործել շուրջ 4000 նոր ուսուցիչ, նրանց 80%-ը՝ մինչև 45 տարեկան. «Նրանք ընտրել են մանկավարժությունը, որովհետև տեսնում են Կառավարության քաղաքականությունն առ այն, որ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն