civilnet.am Կառավարությունը հունվարի 22-ին հավանություն տվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններին, որոնցով սահմանափակվում է պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։
Ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանը նշեց, որ նոր մոդելը սահմանում է ազդեցության մակարդակներ, որտեղ ամենաբարձր օղակի պաշտոնյաների, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, վարչապետի և ֆինանսների նախարարի ազգակիցների ընկերություններին արգելվում է մասնակցել որևէ պետական գնման գործընթացի։
Ըստ այդմ՝ փոխկապակցված անձինք են համարվում պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Փոխկապակցված է համարվում այն ընկերությունը, որտեղ նշված անձինք տիրապետում են կանոնադրական կապիտալի կեսից ավելիին կամ իրավունք ունեն կանխորոշելու ընկերության որոշումները։
Զեկույցից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե կարգավորումն ընդունվի, ո՞վ է այն վերահսկելու։ Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշեց, որ վերահսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Փոխվարչապետը շեշտեց համակարգի թվայնացման անհրաժեշտությունը․ «Այն պետք է աշխատի այնպես, որ հենց հայտավորման փուլում համակարգն ինքնաշխատ կերպով դուրս հանի տվյալ հայտը»։ Ֆինանսների նախարարն էլ պարզաբանեց, որ փոխկապակցվածության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է իրավաբանական անձը՝ հայտարարելով դրա բացակայության մասին։ Այն դեպքում, երբ մասնակիցը հաղթում է, սակայն հետագայում բացահայտվում են փոխկապակցվածության մասին տվյալներ, պայմանագիրը լուծարվելու է, իսկ գումարի 20 տոկոսը վերադարձվելու է պատվիրատուին։ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց՝ որպեսզի մրցույթը չտապալվի, իսկ հանրային ռեսուրսները չվատնվեն, հարկավոր է ստեղծել շտեմարան, որի ֆիլտրները թույլ չեն տա նման հայտերի հետագա ընթացքը։
Ազդեցության մակարդակները
Նախագծով առաջարկվում է սահմանել ազդեցության մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրի համար գործելու են որոշակի սահմանափակումներ․
Ազդեցության 1-ին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին։ Այստեղ պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները։
Ազդեցության 2-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։
Ազդեցության 3-րդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը։
Քննարկումից հետո կառավարությունն ընդունեց նախագիծը, սակայն արձանագրվեց, որ այն հարկավոր է բարելավել։