«Զվարթնոցի» կոնցեսիոն պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2067-ը | civilnet.am

civilnet.am  Կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն տվեց Էդուրարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագծին։ Որոշմամբ նախատեսվում է ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը՝ իրականացնելով շուրջ 425 մլն դոլարի կապիտալ ներդրում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին լիազորվել է մեկամսյա ժամկետում ստորագրել համապատասխան փաստաթուղթը։

Նախագծում նշվում է, որ օդանավակայանային ենթակառուցվածքների ընդլայնման անհրաժեշտությունը առաջացել է Քովիդ-19 համավարակից հետո ուղևորահոսքի կտրուկ աճի պատճառով։ Եթե գործող ուղևորային համալիրը նախատեսված է տարեկան մինչև 4 մլն մարդ սպասարկելու համար, ապա 2023 և 2024 թվականներին այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 5 մլն-ն։ Նոր ներդրումային ծրագրով, որը կներառի նաև 2023-ից մինչ օրս կատարված աշխատանքները, նախատեսվում է զարգացնել թե՛ ուղևորային, թե՛ բեռնային համալիրները։

Հինգերորդ լրացմամբ կոնցեսիոն պայմանագրի ժամկետը, որը պետք է ավարտվեր 2031-ին, երկարաձգվում է մինչև 2067-ի դեկտեմբերի 31-ը։ Փոխարենը՝ պայմանագրից հանվում են մի շարք արտոնություններ և անորոշ դրույթներ։ Մասնավորապես, ուժը կորցրած են ճանաչվում երաշխավորված IRR-ի (ներքին շահութաբերության նորմ) և վնասների հատուցման բանաձևերը։

Գործող սակագների փոփոխություններն այսուհետ կիրականացվեն ամենամյա սկզբունքով՝ ճշգրտվելով ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների գնաճի, ինչպես նաև Հայաստանի սպառողական գների ինդեքսների միջին ցուցանիշով։

Նշվում է նաև, որ կոնցեսիոների կողմից ներկայացվել էր 2023-2027 թվականների համար մաստեր-պլանի նոր նախագիծ, որով առաջարկվում էր շուրջ 400 մլն դոլարին համարժեք ներդրումներ իրականացնել կոնցեսիոն կառավարման փոխանցված օդանավակայանային ենթակառուցվածքներում։

Նախագծի քննարկման ժամանակ արձանագրվեց, որ մաստեր-պլանի հաստատումից հետո օդանավակայանի երկրորդ տերմինալի պատրաստման աշխատանքները պետք է սկսվեն, իսկ մինչև 2033-ը այդ և այլ պարտավորություններ ևս ավարտվելու են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն