2026-ին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, Ադրբեջանը շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջան» թեզը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մնում են չկարգավորված, Իրանում ներքաղաքական լարված իրավիճակ է, իսկ Ռուս-ուկրաինական պատերազմի հեռանկարն անորոշ է։
Ներքաղաքական ու արտաքին քաղաքական սպասվող զարգացումներն իրենց հետ բերելու են նաև Հայաստանի համար ռիսկեր, որոնք հավաքագրել ու «Հայաստան․ ռիսկեր 2026» զեկույցում ամփոփել է Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը։
Ադրբեջան և Թուրքիա
Զեկույցում նշվում է՝ 2025 թ․ գլխավոր իրադարձությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումն էր և Թրամփի ուղու շուրջ հուշագրի ստորագրումը։ Այս իրադարձությունները, զեկույցի հեղինակների դիտարկմամբ, ապահովեցին միջնաժամկետ կայունություն, ձսակայն ձեռք բերված համաձայնությունները զուրկ չեն ռիսկերից ու բացթողումներից։
«Ադրբեջանը, հակառակ սպասումների, չի դադարեցրել «Արևմտյան Ադբեջանի» շուրջ արշավը, ավելին՝ այն վարում է հենց նախագահական աշխատակազմի ջանքերով ու գումարներով։ Շարունակվում է սահմանադրության փոփոխության պահանջը, որի շուրջ հնարավոր հանրաքվեն (ու դրա հավանական տապալումը) նոր ռիսկ են ստեղծելու․ Ադրբեջանը կարող է պնդել, որ ռևանշիզմը շարունակվում է և պատժել այն ռազմական ճանապարհով, ինչպես սպառնացել է բազմիցս»,- ասվում է զեկույցում։
Ադրբեջանի նման քաղաքականության շարունակումը կամ դրա սաստկացումը զեկույցի հեղինակները համարում են 2026-ի կարևորագույն ռիսկերից մեկը։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Նշվում է, որ չնայած տարեսկզբին խոսվել է կարգավորման հարցում սիմվոլիկ առաջընթացի մասին, սակայն լուրջ քայլերից խուսափումը շարունակում է մնալ կարևոր ռիսկ։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների չկարգավորված լինելն ու Անկարայի կողմից Ադրբեջանի հակահայաստանյան քաղաքականության անվերապահ աջակցումը կենտրոնական գործոն է Ադբերջանի անզիջում քաղաքականության, Հայաստանի շարունակվող շրջափակման, Հայաստանի արտաքին քաղաքականության բազմազանեցումը խոչընդոտող հարցերում»,- ասվում է զեկույցում։
Ինչ վեաբերում է Թրամփի ուղուն, հեղինակները նշում են՝ դրա քաղաքական ողջ պոտենցիալը ի շահ Հայաստանի անվտանգության կարելի է իրացնել այն պարագայում, երբ Սյունիք-Նախիջևան կապից հետո այդ ենթակառուցվածքները նորից մտնեն Հայաստան և Գյումրի-Կարս ուղով միանան Թուրքիային։
«Եթե Թուրքիան ու Ադրբեջանը այս ուղու փոխարեն (հենց փոխարեն, այլ ոչ թե ի հավելում դրան) որոշեն այն շարունակել միայն Նախիջևան-Թուրքիա ուղղությամբ, ապա դա մեծ ռիսկ է լինելու ոչ միայն 2026 թ․ այլև ողջ ապաշրջափակման ու «Խաղաղության խաչմերուկի» իրագործման հարցում»,- գրում են հեղինակները։
Իրան և Մերձավոր Արևելք
Ըստ զեկույցի՝ Իրանում շարունակվող բողոքի ցույցերը, Իսլամական Հանրապետության հասարակական, տնտեսական, ռազմական ու քաղաքական ապակայունացումը ևս կարող են մի շարք ռիսկեր առաջացնել Հայաստանի համար։
«Իրանը վերջին տարիներին Հայաստանի անվտանգության ապահովման և սպառնալիքների զսպման կարևոր (բայց ոչ միակ) դերակատարներից է և այդ գործոնի խաթարումը կարող է նվազեցնել մեր պետության դիմադրողականությունը։ Ներքին անկայունացումը կամ արտաքին ռազմական ներգործումը կարող են նաև վնասել Հայաստանի տնտեսական-առևտրային շահերը, լոգիստիկ հանգույցները, հանգեցնել փախստականների ներհոսքի, նպաստելհումանիտար ճգնաժամի»,- ասվում է զեկույցում։
Զեկույցի հեղինակները նշում են, որ Իրանի ղեկավարության համար գնալով ավելի դժվար է լինելու կառավարելի պահել սոցիալական խռովությունները։
«Միաժամանակ, դեռևս մեծ է մնում նոր ռազմական միջամտության սպառնալիքը ՝ հաշվի առնելով և՛ այն հանգամանքը, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ չեն «լուծել» իրենց առաջ դրված խնդիրը (միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացում, բալիստիկ հրթիռների արտադրության կասեցում, Իրանի՝ Մերձավորարևելյան քաղաքականության վերահսկողություն), և՛ այն, որ Իրանում ծագած ցույցերի վերջին ալիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը ցուցարարներին «օգնելու» հանրային խոստում է տվել»,- նշվում է զեկույցում։
Ինչ սցենարով էլ զարգանան իրադարձությունները, զեկույցի հեղինակներն ասում են՝ Հայաաստանը պիտի պատրաստ լինի ուժեղացված հսկողություն իրականացնելու երկրի հարավային սահմաններին, հնարավոր փախստականների ընդունման վերաբերյալ ծրագիր մշակի, ահնրաժեշտության դեպքում ոչ ֆորմալ ուղիներով հնարավոր երկխոսության ձևաչափեր ստեղծի Իրանի ենթադրյալ այլըտրանքային ղեկավարության հետ։
Զեկույցում հիշատակվում են նաև Հայաստանում իրանցիների ցույցերն ու դրանց առնչությամբ Իրանի դեսպանատան արտահայտած դժգոհությունները։ Հեղինակները գրում են, որ մի կողմից՝ Հայաստանը պարտավոր է չխոչընդոտել ու ապահովել ցանկացած խաղաղ ցույցի անվտանգությունը, մյուս կողմից՝ Իրանի ղեկավարության աճող անհանգստությունները կարող են մղել դիվանագիտական ավելի խիստ արձագանքների։
«Զուգահեռաբար, ավելի ռիսկային է դառնալու նաև Իրանի հետ հարաբերությունների ազդեցությունը Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վրա ՝ հաշվի առնելով ցույցերի՝ բռնի ուժով կասեցնելու ընթացքում զոհերի մասշտաբներն ու Իրանի ղեկավարության հանդեպ հավելյալ պատժամիջոցների կիրառման հավանականությունը»,- նշվում է զեկույցում։
Հեղինակները նաև անդրադառնում են Մեծ Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության հնարավոր վերաձևմանը՝ գրելով, որ դա կխորացնի արաբական աշխարհում բևեռացումը և հակադրությունը Մերձավոր Արևելքում մրցակցող առանցքների միջև, ինչն էլ ավելի անկանխատեսելի կդարձնի անվտանգության միջավայրը Մեծ Մերձավոր Արևելքում։
«Թուրքիայի դերի շարունակական մեծացումը Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում ուժեղացնում է նրա բանակցային և ճնշման լծակները Հարավային Կովկասում։ Այս զարգացումը կարող է էապես թուլացնել կամ վերաիմաստավորել Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ սահմանափակելով այն բացառապես «TRIPP» ձևաչափի շրջանակով»,- ասվում է զեկույցում։
Նման զարգացումները բալանսավորելու համար հեղինակներն առաջարկում են Հայաստանին խորացնել ԱՄԷ-Իսրայել-Հնդկաստան առանցքի հետ քաղաքական և ռազմավարական երկխոսությունը։
Ռուս-ուկրաինական պատերազմ
Զեկույցի հեղինակների դիտարկմամբ՝ Ռուս-ուկրաինական պատերազմի հեռանկարը, ինչպես նախորդ տարեսկզբին, այնպես էլ հիմա մնում է խիստ անորոշ։
«Այս իրավիճակը շարունակում է ակտուալ պահել Հայաստանի համար բոլոր այն ռիսկերը, որոնք արդեն կային՝ միջազգային ուշադրության ու ռեսուրսների շեղում (որոնցից պոտենցիալ կարող էր օգտվել նաև Հայաստանը), առևտրային ուղիների խաթարում, պատժամիջոցների ռեժիմի տրամաբանություն, միջազգային հարաբերություններում ուժի կիրառման շարունակական նորմալացում, տարածաշրջանում Թուրքիայի ու Ադբրեջանի կշռի մեծացում և այլն»,- ասվում է զեկույցում։
Զեկույցի հեղինակները հնարավոր են համարում, որ պատերազմի ավարտի դեպքում, կախված արդյունքից, Ռուսաստանը ռեսուրսներ կվերակենտրոնացնի Հարավային Կովկասի ուղղությամբ։
«Իսկ տարածաշրջանային տերությունների անգամ տակտիկական վերադասավորումները մեր նման տարածաշրջաններում հղի են տեկտոնական փոփոխություններով կամ առնվազն նման փոփոխություններ բերելու մտադրությամբ, որոնք կարող են հակասել Հայաստանի շահերին»,- նշվում է զեկույցում։
Ներքաղաքական ռիսկեր․ բևեռացումից մինչև հիբրիդային սխառնալիքներ
Զեկույցի հեղինակներն այս տարվա ներքաղաքական ռիսկերից են համարում բևեռացումը, որը բնորոշում են որպես Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր ախտորոշում։
«Դրա մասին են վկայում ընդդիմության և իշխանության վստահության անփոփոխ մակարդակները, մեծամասնության հեռացումը քաղաքական գործընթացներից, հանրային ինստիտուտների և գործիչների հանդեպ ցածր վստահությունը, քաղաքական ուժերի խոսույթը և քաղաքական բարձր անհանդուրժողականությունը։ Բևեռացվածության պատճառով է ընտրողների զգալի մասը խուսափում քվեատուփին մոտենալուց, իսկ կարողունակ ուժերը ՝ քաղաքական կուսակցություններ ձևավորելուց»,- գրում են զեկույցի հեղինակները։
Ըստ զեկույցի՝ քանի որ բևեռացումը դարձել է Հայաստանի ներքին քաղաքականության հիմնական բովանդակությունը (նախկին-ներկա), սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրները դառնում են լուսանցքային։
«Արցախցի փախստականների խնդիրները, գործազրկությունը, աղքատությունը, ֆունկցիոնալ անգրագիտության մտահոգիչ ծավալները, աճող հարկային պարտավորություններն ու բազմաթիվ այլ հարցեր պարզապես դուրս են մնում քաղաքական բանավեճի նյութից ու մնում են անհաշվետու ու ապաքաղաքական՝ հաճախ թողնված խիստ նեոլիբերալ վարչարարների հույսին։ Իսկ վատագույն դեպքում՝ անտեսվում են»,- գրում են հեղինակները։
Հայաստանի ներքաղաքական բևեռացման խնդրին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։
Զեկույցում նշվում է՝ Հայաստանում ձևավորվել է հիմնականում ազատ ու թափանցիկ ընտրությունների պրակտիկա։ Հեղինակները հղում են կատարում «Ժողովրդավարությունների տարատեսակներ» կենտրոնին, ըստ որի՝ Հայաստանի ընտրական ժողովրդավարության համաթիվը 2018-ին շեշտակի աճել է, սակայն դրան հաջորդող բոլոր տարիներին անկում գրանցել։
«Ու թեև Հայաստանում ընտրակարգը գրեթե անհնար է դարձրել ընտրության օրը կեղծել այն, ինչը հայտնվում է քվեատուփում, սակայն ընտրությունների որակը չի սահմանափակվում միայն այդ (գերկարևոր) հանգամանքով։ Անկախ դիտորդները ահազանգում են [1,2,3] վերջին տարիների տեղական ինքնակառավարման ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահումների, կուսակցությունների ու քարոզարշավների թափանցիկության, հետընտրական գործընթացներում իրավական կամ կեղծ օրինապաշտական միջոցներով դրանց արդյունքի փաստացի փոփոխման, քարոզարշավի կանոնների խախտումների, ապատեղեկատվության ու ատելության խոսքի ու բազմաթիվ այլ խնդիրների մասին»,- ասվում է զեկույցում։
Զերկույցի հեղինակները չափազանց կարևոր են համարում սպասվող խորհրդարանական ընտրությունների ընացքում անկախ մեդիայի, քաղաքացիական հասարակության ու մտահոգ քաղաքացիների կողմից այս ռիսկերի դեմ պայքարը։
Զեկույցը 2026-ի համար նախանշում է նաև հիբրիդային սպառնալիքներ՝ տեղեկատվական, կիբեռանվտանգության և ֆինանսական ոլորտներում։
«Հիբրիդային պատերազմը կամ հիբրիդային միջոցները թիրախ պետության դեմ քաղաքաքական, տնտեսական, տեղեկատվական, ֆինանսական ասիմետրիկ ու ոչ կոնվենցիոնալ հասանելի այլ միջոցներով ներգործման քաղաքականությունն է, որը ձգտում է պարտադրել իր նախընտրությունները, առանց ներգրավվելու ուղիղ պատերազմի մեջ»,- նշվում է զեկույցում։
Հեղինակներն առանձնացնում են, թե վերը նշված ուղղություններից յուրաքանչյուրում որոնք են լինելու այս հարձակումների նպատակները․
- «Տեղեկատվական հարձակումները ուղղված են լինելու Ազգային ժողովի ընտրություններում հնարավորինս ցանկալի արդյունքի հասնելուն, վախի ու անորոշության տարածմանը, և արտաքին սպառնալիքների հանդեպ դիմադրողականության նվազեցմանը։
- Կիբեռվտանգները սպառնալու են պետական ու մասնավոր ոլորտում տեխնոլոգիաների ու ենթակառուցվածքների գործունեությանը, ցանցերի և տվյալների ամբողջականությանը։
- ֆինանսական ոլորտում հիբրիդային ռիսկերը կարող են արտահայտվել ներքին քաղաքականության ու ժողովրդավարական գործընթացների վրա ազդեցություն բանեցնելու համար։ Վերջին տարիներին ընդունված փոփոխությունները, որոնք հետաձգում կամ բարդացնում են կուսակցությունների ֆինանսական հաշվետվողականությունը, ինչպես նաև իշխող ուժի ֆինանսավորման թափանցիկության խնդիրները միանշանակ չեն նպաստում նման ռիսկերի կառավարմանը»։
Խոսելով Հիբրիդային պատերազմների դեմ պայքարի մասին՝ հեղինակները գրում են՝ փաստերի ստուգումը, մեդիա ոլորտի կարգավորումը և նման գործողություններն, իհարկե, անհրաժեշտ, բայց կոսմետիկ ու կարճաժամկետ լուծում են։
«Ինչպես հուշում է հիբրիդային պատերազմների կարևոր աշխատություններից մեկի հեղինակ Մարկ Գալեոտտին, այդպիսի պատերազմների դեմ լավագույն պաշտպանության բաղադրիչներն են հասարակական համախմբվածությունը, արդյունավետ իրավապահ համակարգը, անկախ ու պատասխանատու մեդիան, ազնիվ ու հավուր պատշաճի կարգավորվող ֆինանսական կառույցները, լեգիտիմ ու արդյունավետ կառավարումը։ 2026 թ․ հիբրիդային ռիսկերը կառավարելու համար այս ուղղություններն ու առաջնահերթությունները պետք է լինեն բոլոր շահագրգիռ կառույցների օրակարգում»,- նշվում է զեկույցում։
Հայաստանը և փոփոխվող աշխարհակարգը
Հեղինակները միջազգային սպառնալիքների թվում առանձնացնում են նաև կանոնների վրա հիմնված աշխարհակարգի քայքայման շարունակումն ու խորացումը։ Զեկույցում նշվում է՝ պատերազմները, ցեղասպանությունները, այլ պետությունների ներքին գործերին միջամտությունների հաճախակիացումը և դրանց սաստկության շարունակական աճը հանգեցնում են են միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ու ազատական արժեքների անկման։
«ՄԱԿ-ը շարունակում է կորցնել իր իմաստն ու երբեմնի հարգանքը, պետություններն ակտիվորեն անցնում են գործարքային ռեժիմների, քայքայվում են դաշինքերը։ Այն, ինչ երեկ պատկերացնել հնարավոր չէր, գնալով դառնում է ամենօրյա լրահոսի մաս»,- ասվում է զեկույցում։
Ըստ հեղինակների՝ այս պայմաններում Հայաստանի անվտանգության խոցելիությունը մեծանում է։ Պատճառը, համաձայն զեկույցի, այն է, որ թուլացած բանակի պայմաններում Հայաստանին սպառնացող ռազմական վտանգները հակակշռելու համար մեր պետությունը հենվում է նորմատիվ միջոցների՝ պայմանագրեր ու հանձնառությունների վրա։
«Թեև դրանք խիստ կարևոր, եթե ոչ կենսական են, դրանց արժեքը ժամանակակից աշխարհում ստվերվում է ուժով․ եթե կարող ես իրականացնել նպատակդ անկախ նրանից, թե ինչն է օրինական ու ինչ հանձնառություններ ունես, արա։ Սա նորություն չէ, այլ պատմական օրինաչափություն, որը վերջին տարիների լույսի ներքո էլ ավելի է կարևորվում 2026 թ․ ռիսկերի ցանկում»,- ասվում է զեկույցում։
«Հայաստան․ ռիսկեր 2026» զեկույցի ամբողջական տարբերակին և Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի նշած բոլոր ռիսկերին ծանոթացեք այստեղ։