ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Բուլղարիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպան Նիկոլովին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման։ Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված ջերմ ու գործընկերային կապերն ամուր հիմք են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ներուժն ընդլայնելու համար։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործող կրթաթոշակային ծրագրի շարունակականությունը՝ առաջարկելով քննարկել միջբուհական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթահետազոտական նոր ծրագրերի հնարավորությունները։ Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում փոխգործակցությանը, կարևորվել են երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև երկուստեք փառատոներին և միջազգային ֆորումներին մասնակցությունը։

Սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման  համատեքստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի Հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին նախատեսվում է նաև բուլղարացի մարզիկների մասնակցությունը։

ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ ընդգծելով առկա մեծ ներուժը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն