Վկան չի հիշում՝ որ սպան է ԱԹՍ-ի պայմաններում զինվորներին հրամայել շարունակել երթը

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի խաչմերուկում Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի անձնակազմի զոհվելու դեպքի առնչությամբ դատական քննությունը։

2020 թվականի հոկտեմբերի 9-ին այդ տեղանքում գտնվող զինծառայողներին հրաման է տրվել նստել մեքենան ու շարունակել երթը, որից րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին»․ զոհվել է 18 զինծառայող, 1-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալի» առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ԻՍՎ ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Հարություն Օհանյանը։

Այս գործով մեղադրյալի աթոռին է 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը, որը եւ, ըստ գործի նյութերի, տվել է երթը շարունակելու հրամանը։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Դատարանը, նախագահությամբ Լեւոն Պետրոսյանի, վկաների հարցաքննության փուլում է։ Օրերս հարցաքննության էին հրավիրվել զինվորների մեքենայի խոցվելու ականատես Շալիկո Եղիազարյանն ու 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-ՀՕՊ վարչության պետ Արմեն Վարդանյանը (պաշտոնից ազատվել է 2021 թ․ հունիսին)։

Հարցաքննության ժամանակ, երդվելով ասել միայն ճշմարտությունը, Շալիկո Եղիազարյանը նշեց, որ թեեւ ականատես է եղել դեպքին, սակայն քանի որ տարիներ են անցել, շատ բան չի հիշում։ Ի դեպ, Եղիազարյանը, որը Արցախի Քաշաթաղի շրջանից է, պատերազմի ժամանակ կամավորների հետ մասնակցել է տարբեր գործողությունների, եւ ճշգրտման նպատակներով էլ դեպքի օրը հայտնվել է Իշխանաձորի խաչմերուկում՝ ականատես լինելով կատարվածին․

«Էն ականատեսն ենք եղել, որ էդքան էրեխեք Իշխանաձորի վերեւ ԱԹՍ-ից վառվան։ Մինչեւ վառվելը էդ էրեխեքը Իշխանաձորի խանութների մոտ իրանց համար ազատ ման էին գալի, ու մի հատ էլ ԱԹՍ վերեւում շրջում էր։ Էդ ԱԹՍ-ն եկել էր C300-ի հետեւից, որովհետեւ C300–ը դրա նախորդ օրը գործողություն էր իրականացրել, Ադրբեջանի ինքնաթիռ էր ոչնչացրել»,- պատմեց վկան եւ ասաց, որ ինքը լսել է ԱԹՍ-ի ձայնը, տեսել, որ այն գալիս է։ Հիմնվելով իր մարտական փորձի վրա՝ վկան պնդեց, որ ԱԹՍ-ն հարվածային է եղել։ 

Եղիազարյանը շեշտեց, որ մինչեւ դեպքը՝ զինվորները ցրված էին, մեկ տեղում հավաքված չէին։ Եւ թե ինչպես պատահեց, որ նրանք հայտնվեցին ավտոմեքենայի մեջ ու շարժվեցին, վկան պատասխանեց՝ սպայի հրամանով, բայց թե ով էր այդ սպան՝ նա չկարողացավ ասել՝ նշելով, որ չի ճանաչել բոլորին։ Միայն նշեց, որ սպան հեռախոսով կամ ռադիոկապով խոսելուց հետո հրամայել է՝ «նստեք, շարժվում ենք»։ Եղիազարյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ այդ սպան էլ է զոհվել։

Նա անկեղծորեն խոստովանեց, որ երբ հասել է դեպքի վայր, մի սպայի է տեսել ու նրան մեղադրելով ասել՝ ես եմ քեզ սպանելու, բայց վստահ չէ՝ արդյոք այդ սպա՞ն է եղել հրաման տվողը, թե ոչ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը ճշտեց՝ այդ սպան մեղադրյալը՝ Անդրանիկ Վերանյա՞նն է եղել, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ իր ասած զինվորականն ավելի ցածրահասակ է եղել։ 

Մեղադրողը մանրամասնեց, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` դեպքի վայրում ողջ մնացած սպա եղել է միայն ինժեներասակրավորական ծառայության պետ Խորեն Մելիքյանը, որը վիրավոր է եղել։ Վկան նշեց, որ գուցե Վերանյանն էլ է տեղում եղել, բայց այդ խառնաշփոթ իրավիճակում ինքը բոլորին չէ, որ տեսել ու ֆիքսել է։

Եղիազարյանն ու իր հետ եղած անձը նստել են մեքենան, երբ օդում նկատել են ԱԹՍ-ն։ Նրանք ենթադրել են, որ այն շարժվում է դեպի զինվորական «Ուրալը», ու քշել են այդ ուղղությամբ, բայց մինչեւ հասել են, ԱԹՍ-ն արդեն խոցած է եղել մեքենան․

«Քշելուց արդեն գիտեինք [ինչ կարող էր պատահած լինել], մենակ էն էինք ասում` մենակ իջնեն ավտոյից, մենակ հասցնեն թռնեն ավտոյից»։ 

Վկան չկարողացավ մեկնաբանել՝ ինչու են զինվորներին մեքենան նստելու հրաման տվել․ ասաց՝ հազար պատճառ կարող էր ունենալ հրամանը՝ նստել, գնալ թաքստոց կամ եւ այլն։ Բայց նա վստահություն հայտնեց, որ մինչեւ մեքենաները նստելը նրանք՝ ինքն ու իր հետ եղած անձը, օդում հենց այդ նույն ԱԹՍ-ն են նկատել։ 

Հանրային մեղադրողը ներկայացրեց, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով պարզվել է, որ Իշխանաձորի խաչմերուկում, երբ որ զինվորները իջած են եղել «Ուրալից», նրանց մոտեցել է պիկապ թափկով ավտոմեքենա, որի մեջ է եղել այդ թվում մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, եւ վերջինիս կողմից է հրաման տրվել նստել ավտոմեքենա ու շարժվել։ Վկան արձագանքեց, որ իրենք մեքենան նստել-շարժվելու հրամանը լսել են ուրիշ սպայից, որը այդ հրամանը տվել է ինչ-որ մեկի հետ հեռախոսով/ռադիոկապով խոսելուց հետո, ու ենթադրել են, որ այդ սպան ինքն էլ է հրաման ստացել։

Հանրային մեղադրողը շեշտեց, որ դատաքննության ընթացքում առաջին անգամ է հնչում այս տեղեկությունը, որ մեկ ուրիշ սպա է մեքենան նստելու հրաման տվել, ոչ թե Վերանյանը, իսկ դեպքից ողջ մնացած միակ սպան եղել է Խորեն Մելիքյանը, մեկ ականատես էլ եղել է Հարություն Օհանյանը։ Վկան նորից պարզաբանեց, որ չգիտի՝ ով ում է մոտեցել, ինքը չի տեսել զինվորների մեքենային մոտեցած պիկապ, տեսել է միայն Հարություն Օհանյանին։

Մյուս հանգամանքը, որ վկան ցուցմունքում վկայակոչեց եւ որը, ըստ մեղադրողի, չի համապատասխանում դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներին, այն է, որ սպան, որի հետ վիճաբանել է վկան, բացառապես Խորեն Մելիքյանը կարող էր լինել։ Մինչդեռ վկան նշեց, որ իր տեղեկություններով այդ սպան, որին ինքը մեղադրել է, զոհվել է։ Շալիկո Եղիազարյանն ասաց, որ չի կարող հստակ ասել՝ ով է եղել, որովհետեւ դեպքից հետո տեղում շատ զինվորականներ են եղել։ 

Հանրային մեղադրողը նշեց, որ սպա Խորեն Մելիքյանը իր ցուցմունքում չի նշել այնպիսի դրվագ, որ Եղիազարյանը մոտեցել է իրեն ու քաշքշել։ Սա, ըստ մեղադրողի, երկրորդային հակասություն է, իսկ ահա առաջնային հակասությունը Եղիազարյանի եւ հարցաքննված մյուս վկաների ցուցմունքների միջեւ անհամապատասխանությունն է՝ ինչպես է ստացվում, որ մյուսները վկայակոչում են Անդրանիկ Վերանյանի հրամանը, իսկ Շալիկո Եղիազարյանը անհայտ սպայի մասին է նշում։ Վկան այս հանգամանքը չկարողացավ պարզաբանել։

Հաջորդից հարցաքննվել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-ՀՕՊ վարչության պետ Արմեն Վարդանյանը (պաշտոնից ազատվել է 2021 թ․ հունիսին)։ 

Նա հայտնեց, որ պատերազմը սկսելուց հետո մինչեւ պատերազմի ավարտը գտնվել է հակաօդային պաշտպանության հրամանատարական կետում։ Դա կառավարման, հետախուզման, կործանիչ, ավիացիոն պատսպարման եւ զենիթահրթիռային կրակով համալիր միջոցառումների համախումբ է։

Հանրային մեղադրողը սպային խնդրեց նկարագրել հակաօդային պաշտպանության վիճակը խնդրո առարկա ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը եւ մասնավորապես հոկեմբերի 9-ի դրությամբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի մոտակայքում։

Վկան մեկնաբանեց, որ համակարգը բացազատված է եղել առկա բոլոր ուժերով եւ միջոցներով։ Նա նշեց, որ ոչ բոլոր ստորաբաժանումներն են 100 %-ով համալրված եղել համապատասխան զենքով, միաժամանակ ասաց, որ առկա ուժերը եւ միջոցները բոլորը բերված են եղել բարձր մարտական պատրաստականության վիճակի։

«Ըստ իրավիճակի՝ մի մասը մշտապես գտնվել է համար 1 մարտական պատրաստականության մեջ, այսինքն` հետախուզել են եւ կրակել են, մի մասն էլ կամ տեխնիկական սպասարկման է եղել, կամ փոխհերթապահ է եղել»։ 

Հարցին՝ արդյոք կարելի՞ է հետեւության հանգել, որ մեր օդը ամբողջությամբ պաշտպանված է եղել, վկան պատասխանեց, որ ամբողջությամբ պատսպարված վիճակ չկա, չի եղել, եւ, ըստ նրա, երբեւիցե չի լինելու մի պետություն, որի օդն ամբողջությամբ պաշտպանված լինի․ 

«Քանի որ մենք աղքատ պետություն ենք եղել, մեր համազորային ստորաբաժանումները, ակտիվ կրակային միջոցներ, ակտիվ հետախուզական միջոցներ չեն ունեցել, ակտիվ ասելով՝ նկատի ունեմ, որ իրանք ճառագայթեն, իրանք հետախուզեն, իրանք հայտնաբերեն, իրանք ոչնչացնեն, դրա համար իրանք մշտապես ունեցել են նշանակացուցման կարիք` հաշվի առնելով նշանակետերի արագությունները, բարձրությունները, չափսերը հայտնաբերման ցածր հավանականությունը»,- նշեց սպան։

Վարդանյանը մանրամասնեց, որ երբ օդում օբյեկտ է հայտնաբերվում, միանգամից զեկուցվում է, հայտարարվում է օդային տագնապ, որի հիման վրա հրամանատարը պետք է համապատասխան որոշում կայացնի՝ երթի ժամանակ ավտոմեքենայի երթը շարունակել կամ ոչ։  Նա նշեց, որ երթը կարող է եւ շարունակվել՝ արագության մեծացմամբ, եւ կանգառ կատարել։ Նրա խոսքով՝ ավելի մեծ՝ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների դեպքում, օրինակ, կարելի էր նաեւ բարձրացնել արագությունը, քանի որ մեքենայի 60կմ/ժ արագության դեպքում խոցման հավանականությունը բավականին նվազում է։ 

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ելնելով Իշխանաձորի խաչմերուկից դեպի Ջրական տանող ճանապարհահատվածի ծածկույթից, վերելքներից եւ վայրէջքներից, մեքենայի՝ «Ուրալ» լինելու հանգամանքից, որի մեջ մի ամբողջ անձնակազմ կա, հնարավո՞ր է զարգացնել 60 կմ/ժ արագություն։ Վկան նշեց, որ այդ ճանապարհը բավականին բարդ է մեծ արագություն հավաքելու համար։ 

Մեղադրողը նկարագրեց իրավիճակը եւ հարցրեց՝ երբ ավտոմեքենայով կատարում ես երթ եւ տեղեկանում ես, որ կա օդային հարձակում, այս պայմաններում անձնակազմը պիտի պատսպարվե՞ր, պիտի հետախուզե՞ր, կրակե՞ր։ Վկան հստակ չպատասխանեց, բայց ասաց, որ այդ տարածքում պատսպարվելու համար շատ ծառեր ու օբյեկտներ չկան․

«Իմ կարծիքով [մի քանի] տարբերակով կարար ստեղ հրամանատարը որոշում կայացներ․ ձեր ասած արագությունը մեծացներ, տակից փախներ։ Պատսպարվել կարային նաեւ մեքենայի տակը ինչ֊որ կերպ, եթե իհարկե տեղավորվեին, մեքենա հասցնեին, մտնեին մեքենայի տակ։ Մյուս տարբերակը, որ անձնակազմը մեքենայից դուրս գար, արագ ցրվեր տարբեր տեղեր, որ ասենք, եթե միեւնույն է, եթե հայտնաբերել են, զգում են, որ խոցման խնդիր կա, որպեսզի կորուստները մինիմումի հասցնեն կամ անկորուստ [մնան], ոնց որ դուք եք նկարագրում։ Էս պարագայում միանշանակ կորուստները, կարելի է ասել, անխուսափելի են։ Կամ եթե մի քանի մեքենա է, մեքենաների միջի տարածությունը մեծացնի, որ գոնե եթե խոցվի, մի մեքենա խոցվի»,- մեկնաբանեց վկան։ 

Ինչ վերաբերում է պատրաստվածությանը՝ վկան ասաց, որ համապատասխան հրամանները, մեթոդական ցուցումները, մարտական կանոնադրությունները, ամեն ինչ տեղերում եղել են․ «Ինքս առնվազն եռամսյակը 1 անգամ, չկա մի զորամաս, որտեղ կամ դասը, կամ մեթոդական ցուցումը, կամ տեխնիկայի ստուգումը, կամ մարտական հերթապահության կազմակերպումը, իրականացումը ստուգած կամ օգնություն ու օժանդակություն ցուցաբերած չլինեմ։ Ի պաշտոնե, ես պարտավոր եմ եղել ուսուցանելու բանակային կորպուսների հրամանատարներին իրենց ռազմավարական ուսուցման շրջանակներում, վարչության պետերին։ Տարեկան առնվազն 4 անգամ մինիմում առաջնագիծը՝ կամ սկսել եմ Հորադիզից վերջացրել Նոյեմբերյանում, կամ սկսել եմ Նոյեմբերյանից վերջացրել Հորադիզով, Արարատի գնդով դուրս եկել»։

Հարցին՝ այդ ուսուցման գործընթացում Վերանյանն անմա՞սն է մնացել, կարո՞ղ է՝ ինքը չգիտեր՝ ինչ պետք է աներ, ընդհանրապես կարո՞ղ էր զորամասի գնդի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալը չիմանալ՝ օդային հարձակման դեպքում ինչ պետք է աներ։ Վկան նշեց, որ ինքը Գլխավոր շտաբում չի ուսուցանել, որ գնդից, բրիգադից բարձր օպերատիվ պատրաստություն է, դրանից ներքեւ՝ մարտական պատրաստություն, եւ ինքը չի կարող ասել՝ մարտական պատրաստությունն ինչ ձեւով է կազմակերպված եղել, եւ դա, ըստ նրա, բանակային կորպուսի հրամանատարին կամ Գլխավոր շտաբի պետին ուղղելիք հարց է։ 

Հարցը նորից հնչեց՝ վերանալով Վերանյանի անձից՝ կարո՞ղ էր գնդի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալը տեղյակ չլինել օդային հարձակման դեպքում համազորային ուժերի գործողությունների պլանից։ Վկան ասաց՝ տեսականորեն՝ գուցե ոչ, բայց դա կախված է նաեւ անձից։

Հանրային մեղադրողը նկարագրեց դեպքի մանրամասները՝ ըստ ստացված ցուցմունքների եւ հարցրեց՝ մինչեւ ԱԹՍ-ի խոցումը «Ուրալի» անձնակազմի գործողությունները համապատասխանո՞ւմ են այն ուսուցման պրոցեսին․

«Եթե իջել են մեքենայից, ցրվել, բաժանվել են, հեռացել են, էդ դեպքում ճիշտ են արել։ Ուրիշ բան, որ առանց հաստատ իմանալու [որ օդում օբյեկտ չկա, նստել են մեքենան]»։

Խոսելով բանակում եղած խնդիրներից եւ պարտության պատճառներից՝ վկան իր տեսակետն արտահայտեց՝ նշելով նաեւ, որ խնդիրներից մեկը սեփական միջոցներով պաշտպանություն, հարձակում կամ հարձակման կառավարում իրականացնելն է․ 

«Տվյալ խնդիրը ժամանակին ես դրել եմ բանակային կորպուսների ու այդ թվում նաեւ մեր որոշ վարչապետերի, մարտական վարչապետերի․․․ Տղամարդավարի հայտարարում եմ, հարգելի դատարան, 1 գեներալ է խնդիրը կատարել, [դրված խնդիրները] ի վիճակի է եղել կատարելու Խաչատուրով Գրիշը (երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը,- Ինֆոքոմ) եւ մի գնդապետ՝ Փիլոյան Անդոն (ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը,- Ինֆոքոմ), մնացած որեւիցե մեկը իր պատրաստվածության աստիճանով ունակ չի եղել»,- ասաց վկան՝ նշելով, որ տարբեր ստորաբաժանումներում որպես մասնագետ ընդունվածները շատ ցածր միավորներ են ունեցել․ 

«Ես ամենավերջին կոնֆլիկտը ունեցել եմ Վիգեն Սարգսյանի հետ (Պաշտպանության նախկին նախարար,- Ինֆոքոմ), երբ որ ասել են, որ էդ 0 բալով ընդունվածը 6 տարի հետո գումարտակի հրամանատար է կամ գումարտակի հրամանատարի տեղակալ, որը այդ իմ նշածս խնդիրները արդեն պիտի պատրաստ լինի կատարելու, բայց նա ընդունվել է 0 բալով»։

Երկարատեւ քննարկումներից հետո, թե արդյոք հնարավոր է ԱԹՍ-ն խոցել հրազենով, արդյոք հնարավոր է՝ տարածքում եղած որոշ մարդիկ տեսնեին ԱԹՍ-ն, իսկ որոշները՝ չնկատեին, եւ այլն, հարցը դարձյալ հանգեց հետեւյալին․ ի վերջո տվյալ իրադրությունում որն էր ամենաճիշտ գործողությունը։ Վարդանյանը դարձյալ հստակ չպատասխանեց՝ նշելով, որ մի շարք հանգամանքներ պետք է պարզաբանվեն ճիշտ գնահատական տալու համար, այդ թվում՝ Վերանյանը ի՞նչ հրաման է ստացել՝ նախքան մարտի դուրս գալը, ումի՞ց է ստացել հրամանը եւ այլն։

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին։

Լուսանկարում՝ վկա Շալիկո Եղիազարյանը / 26 փետրվարի, 2025 թվական

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն